Քաղաքական

16.06.2023 17:06


Պատվերի պատճառները տարբեր են․ վրեժ, քննադատություն, Արցախը հանձնելու ծրագրերին խոչընդոտելը

Պատվերի պատճառները տարբեր են․ վրեժ, քննադատություն, Արցախը հանձնելու ծրագրերին խոչընդոտելը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

- Արմեն Աշոտյանին կալանավորեցին: Ի՞նչ գնահատական կտաք կատարվածին:

-Երկու բառով պատասխանեմ՝ պատվերով կալանք։

-Շատ է խոսվում, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է: Դու՞ք էլ եք այդպես մտածում:

-Քանի որ, ինչպես նշեցի՝ կալանքը պատվերով է, ուստի, դրանից բխում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։

-Ինչպե՞ս է ստացվում, որ տարիներով ինչ-որ գործ է քննվում, կալանքը որպես խափանման միջոց տարիներ շարունակ չի ընտրվում, մի օր էլ նման որոշում է կայացվում:

-2018 թվականից սկսած բազմաթիվ և բազմապիսի քրեական գործեր հարուցվեցին և ընդդիմադիր գործիչներին մեղադրանքներ ներկայացվեցին։ Այդ բոլոր գործերը հարուցվել են ոչ թե մասնագիտական, անաչառ քննությունների արդյունքում, այլ վարչապետ կոչեցյալի հրահանգով և պատվերով։ Պատվերները եղել են տարբեր պատճառներով՝ նախկին վրեժ, իրեն չենթարկվել, քննադատել, վտանգ ներկայացնել իր իշխանությանն ու Արցախը հանձնելու ծրագրերին։ Այն որ այդ բոլոր գործերը եղել են պատվերով, ապացուցում են մի քանի փաստեր։ Առաջինը՝ վարչապետ-ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ հեռախոսային խոսակցությունների, երկրորդը՝ Ռուբեն Վարդազարյան- Գագիկ Ջհանգիրյան զրույցի գաղտնազերծումն էր։ Առաջինի ժամանակ․ «Ուզես չուզես, կալանք պիտի տաս», երկրորդի․ «Այդ գործերը․․․ վզիս դրած ա»։ Սրանք, բացահայտված օրինակներ են, համոզված եմ, որ նույնը եղել է մնացած բոլոր, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի դեպքում։ Այս տարիների ընթացքում, տարբեր անօրինական մեթոդներով համակարգից հեռացվեցին նաև, վարչապետ կոչեցյալի պատվերները չկատարող դատավորները, դատական համակարգը համալրվեց իրեն ենթակա կամակատարներով։ Եվ չնայած այս ամենին դեռևս չկա որևէ դատական որոշում, դատավճիռ, այդ քաղաքական գործերով։ Բերենք մի քանի օրինակներ՝ Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Արամ Սիմոնյան․․․շարքն անվերջ է։ Այդ քրեական գործերը չեն կարճվում, այլ որպես սպառնալիք կախված են մնում տվյալ գործիչների վրա։ Նրանցից ոմանք այդ մեղադրանքներից հետո լռում են, ոմանք՝ ոչ, շարունակում են իրենց ընդդիմադիր գործունեությունը։ Արմեն Աշոտյանի կալանքի պատվերն այդ պատճառով էր, քանի որ նա շարունակում էր սուր քննադատել հայրենիքը հանձնողին։ Ինչ վերաբերում է գրպանային «իրավապահ» մարմինների ինչ-ինչ բացատրություններին, թե իբր Արմեն Աշոտյանը խախտել է չգիտեմինչը, ուղղակի ծիծաղելի է։

- Ինչո՞ւ են լռում իրավապաշտպանները:

-Ճշտենք՝ նախկին իրավապաշտպանները, քանի որ, օրինակ, Ռուբեն Մելիքյանը ոչ միայն չի լռում, այլև ակտիվ գործում է։ Ինչ վերաբերում է նախկին իրավապաշտպաններին, ապա պարզվեց, որ նրանց համար իրավապաշտպանությունը ոչ թե արժեք էր և սկզբունք, այլ ընդամենը փող աշխատելու միջոց՝ իրավապաշտպանության քողի տակ։ Նրանց համար իրավապաշտպանությունը ոչ թե քո երկրում ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների պաշտպանությունն է, այլ հակառուսական քաղաքականությունն ու քարոզչությունը՝ թեկուզ Արցախի, Սյունիքի կորստի գնով։ Եվ նրանց ու այսօրվա Հայաստանի իշխանության շահերը համընկնում են։

Այս խորագրի վերջին նյութերը