Քաղաքական

16.06.2023 09:08


Հայաստանի հարցում Թուրքիան անցնում է «кнут и пряник»-ի քաղաքականությանը․ Տարասով

Հայաստանի հարցում Թուրքիան անցնում է «кнут и пряник»-ի քաղաքականությանը․ Տարասով

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հարցում Թուրքիան անցնում է «кнут и пряник»-ի քաղաքականությանը։

Ըստ նրա, առաջինը, թերևս, մեծամասնության դեպքում կկիրառվի, քանի որ հասարակության և քաղաքական շրջանակների կողմից հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս բովանդակությանը դիմադրությունը մեծ է, իսկ երկրորդ մասով կփորձեն ավելի մեղմ վերաբերվել Փաշինյանի իշխանությանը, այլապես հայ-թուրքական հարաբերություններում ներկայիս տրամադրությունների պայմաններում ոչինչ չի ստացվի։

«Էրդողանի արտահայտությունները թույլ են տալիս ենթադրել, որ Թուրքիայի իշխանական վերնախավը հստակ հասկանում է Հայաստանում տիրող իրավիճակը և այնքան էլ վստահ չէ հնարավոր հաջողության հարցում, ունի մտավախություններ, որ հասարակության մեծամասնության կողմից Փաշինյանի քաղաքականությունն ընդունելի չէ։ Սակայն նաև հասկանում են, և կարծես կա այդ վճռականությունը՝ արագացնել գործընթացները, քանի որ Փաշինյանի դեմ տրամադրություններ կան, և խիստ կասկածելի են ՀՀ-ում հնարավոր իշխանափոխության դեպքում հայ-թուրքական կարգավորման հեռանկարները։ Իսկ ներկայումս, թեև դանդաղ, բայց թուրքական կողմն ունի հաջողություններ, ՀՀ իշխանությունները բազմաթիվ քայլեր են իրականացնում, փորձել են նույնիսկ հուսալ, որ կկարողանան Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ անջատել Ադրբեջանի պահանջներից, սակայն ՀՀ իշխանությունների այդ հույսերը լիովին տապալվեցին, սխալ հաշվարկներ էին արվել։

Թուրքիան և Ադրբեջանը կարողացան իրենց օրակարգը թելադրել տարածաշրջանում, և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը էլ ավելի է նպաստում դրան, քանի որ ստիպում է Ռուսաստանին ոչ քիչ ջանքեր ներդնել Հարավային Կովկասում որոշակի ազդեցություն պահպանելու համար՝ մինչ նոր ստատուս-քվոյի ձևավորումը։ Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն գործում են արևմտյան օրակարգով, և սա մարտահրավեր է Մոսկվայի համար, սակայն դրանով Մոսկվայում դեռ լրջորեն զբաղվող չկա»,-նկատեց Ստանիսլավ Տարասովը։

Ըստ նրա, այնուամենայնիվ ակնհայտ է, որ ընտրություններից հետո Էրդողանն ավելի հանգիստ ու վստահ է գործելու, հատկապես, երբ երկրում ներքին դիմադրություն չկա իր դեմ, իրականացնելու է վստահորեն իր ռեգիոնալ և աշխարհաքաղաքական ծրագրերը՝ փորձելով բարձրացնել իր աշխարհաքաղաքական դերակատարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը