Քաղաքական

15.06.2023 14:42


Հայաստանը պետք է ուղղակի թղթի վրա ամրագրի այն, ինչն արդեն պաշտոնապես հայտարարել է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Հայաստանը պետք է ուղղակի թղթի վրա ամրագրի այն, ինչն արդեն պաշտոնապես հայտարարել է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Հայաստանը պետք է ուղղակի քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա ամրագրի այն, ինչն արդեն պաշտոնապես հայտարարել է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» (չակերտները՝ Tert.am). այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ Պակիստանի վարչապետին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացիկ բանակցությունների մասին:

«Եվ կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրման հեռանկարներ կան»,-ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս:

«Եթե չեմ շփոթում, մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամողջականության և Լեռնային Ղարաբաղի (Ադրբեջանի կազմում-Tert.am) ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»,-ասել էր Բորելը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը