ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար։
Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ որպես ձերբակալման հիմք է նշված՝ բացակայելու արգելք խափաման միջոցի պայմանները խախտելը։ Ըստ փաստաբանի, սակայն նշված չէ, թե ինչով է խախտել։ Աթանեսյանն այս հարցն ուղղել է քննիչին, բայց պատասխան այդպես էլ չի ստացել։
Աշոտյանի փաստաբանը հայտարարեց, որ լրացվել է նաև առաջադրված մեղադրանքը։
«Ոչ թե փաստական կազմը, այլ՝ որակումները։ Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք 8 ամիս չենք հարցաքննվել։ Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում։ Մեղադրանքը պարզապես ծիծաղելի է։ Բոլորս հասկանում ենք, որ վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորչի:
Գումար չի կորչել, այդ գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում բժշկական համալսարանին և հիմա արժի 2 անգամ թանկ, քան երբ ձեռք է բերվել»,-մանրամասնեց նա։
Տիգրան Աթանեսյանի փոխանցմամբ՝ Աշոտյանն իր ձերբակալությունը քաղաքական հետապնդում է որակում՝ կապված Արցախը հանձնելու քաղաքականության հետ, և սա նաև փորձ է համարում լռեցնելու բոլոր այն գործիչներին, որոնք հիմնավոր կերպով մատնացույց են անում տեղի ունեցող հայրենավաճառությունը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, մեղադրանքը լրացվել է․ փաստաբան (տեսանյութ)