Քաղաքական

15.06.2023 07:42


«Եթե ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է, ապա Արարատ Միրզոյանը կտրականապես կժխտեր Թուրքիայի նախագահի խոսքերը». «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյան

«Եթե ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է, ապա Արարատ Միրզոյանը կտրականապես կժխտեր Թուրքիայի նախագահի խոսքերը». «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյան

«Չի կարելի մեղադրել Էրդողանին, երբ քո վարչապետ կոչեցյալը Շուշին համարում է «դժգույն, դժբախտ, ադրբեջանական քաղաք». Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյանը:

-«Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը բխում է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից: Թեհրանի դիրքորոշումը տխրեցնում է Բաքվին և Անկարային: Իրականում իրավիճակը պետք է անհանգստություն պատճառի նաև Իրանին»,-նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ երկաթուղային բեռների փոխադրման տուրքերը «շատ, շատ բարձր են»։ «Հուսով եմ, որ այս խնդիրը (մեկ վագոնի փոխադրման տուրքը) շուտով կլուծվի։ Տարածաշրջանային հաղորդակցություններին առնչվող հարցերին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, և հնարավոր կլինի բացել Պեկին-Լոնդոն երթուղին»,-ասել է Էրդողանը։ Ստացվում է, հայկական կողմը համաձայնվել է միջանցքի հանձնմանը, մինչդեռ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, թե՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, թե՛ ՔՊ-ական պատգամավորները՝ հղում անելով վերջիններից, հայտարարում են, որ միջանցքի թեման մեզ համար փակված է, քանի որ ՀՀ ինքնիշխանությունից որեւէ միլիմետր զիջելու մասին խոսք լինել չի կարող: Ո՞վ է բառախաղով զբաղված:

-Ցավոք, ես ավելի հակված եմ հավատալ Թուրքիայի նախագահի խոսքերին, քան Հայաստանի պաշտոնյաների «հավաստիացումներին»։ Այն, ինչ ասվել է Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից վերջին տարիներին և ինչ իրականում կատարվել է, բացարձակապես միմյանց հետ կապ չունեն։ Ինչ վերաբերում է այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քպ-ական պատգամավորների խոսքերին, ապա նրանք ընդամենը թութակի նման կրկնում են շեֆի խոսքերը՝ այսօր այսպես, վաղը, եթե այդպես է պետք՝ ճիշտ հակառակը։ Այժմ, ըստ էության։ Նախ, իրականում ավելի շատ կարևոր, մեզ առնչվող տեղեկություններ մենք ստանում ենք Թուրքիայից և Ադրբեջանից, քան Հայաստանից։ Հիշենք, որ Թուրքիայի նախագահն ասաց, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետին խնդրել էր, իրեն տեղեկացնել, որ երազում է հանդիպել նրա հետ։ Նման այլ դեպքեր էլի են եղել։

Երկրորդ․ 2021թ․ մարտի 12-ին, նույն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում, իրեն քաղաքագետ հռչակած, Ստեփան Գրիգորյանը կողմ է արտահայտվում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին։ Ստեփան Գրիգորյանն առանց ունենալու վարչապետ կոչեցյալի համաձայնությունը, չէր համարձակվի նման բան իրեն թույլ տալ։ Հիշեցնեմ, որ այդ հարցազրույցից հետո նա ջերմ ընդունելության արժանացավ վարչապետ կոչեցյալի կողմից։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ դեռևս 2001թ․ «Հայկական ժամանակ» թերթում, որի խմբագիրն այժմ վարչապետ կոչեցյալն է, «Մենք ու մեր շահերը» հոդվածն ամբողջությամբ նվիրված է «Զանգեզուրյան միջանցքին»։ Հոդվածագիր-խմբագիրը, հիացմունքով է գրում այդ միջանցքի մասին։ Ի դեպ, պարզ է, որ առանց Արցախն Ադրբեջանին հանձնելու, անիմաստ էր խոսել միջանցքի մասին։ Այսինքն, կարելի է եզրակացնել, որ դեռևս 2001թ․ խմբագիր-քաղաքական գործիչն ունեցել է այն ծրագրերը, որոնք սկսեց իրականացնել 2018թ․ հետո։ Հարց է ծագում, պատահակա՞ն է արդյոք այդ դեռևս խմբագրի և Ադրբեջան-Թուրքիա ծրագրերի համընկնումը։ Արձանագրենք նաև, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար, Սյունիքն ունի շատ ավելի կարևոր ռազմավարական նշանակություն՝ պանթյուրքական ծրագիրն իրականացնելու համար, քան Արցախը։ Իհարկե, սա չի նշանակում, որ նրանք պատրաստ են փոխանակել Արցախը Սյունիքով։ Ո՛չ, նրանք, ի տարբերություն մեզ՝ հայերիս, ունեն նպատակ, այն է՝ գրավել և՛ Արցախը, և՛ Սյունիքը, և՛ ողջ Հայաստանը։ Ամփոփենք, ինչպես վարչապետ կոչեցյալը բոռում էր՝ «Սա Հայաստան է և վերջ», հետո հրաժարվեց Արցախից, թշնամուն նվիրեց Գորիս-Կապան մայրուղին և այլ տարածքներ, այնպես էլ այսօր, նրա ասած «ինքնիշխան տարածք, կարմիր գծեր» արտահայտությունները կոպեկի արժեք չունեն։ Նա հետևողականորեն իրականացնում է իր խոստումը՝ տված ․․․առնվազն 2001 թվականից։ Միջանցքը հանձնելիս վարչապետ կոչեցյալն ու նրա հպատակները կխոսեն դրանով խաղաղության հասնելու մասին և կմեղադրեն Ռուսաստանին։ Իմ կարծիքով, վարչապետ կոչեցյալի այդ ծրագրերին ծանոթ են միայն արտգործնախարարը, ԱԽՔ քարտուղարն ու ԱԺ փոխխոսնակը։ Պատահական չէր, արտգործնախարարի խոսքը ԱԺ-ում, որտեղ նա, փաստորեն, չժխտեց Թուրքիայի նախագահի ասածները։ Եթե այն իսկապես կարմիր գիծ է, ապա արտգործնախարարը կտրականապես կժխտեր Թուրքիայի նախագահի խոսքերը։

-Երեկ Էրդողանը նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում, Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի կողմից բռնազավթված Շուշիում հյուպատոսություն բացել. սա ի՞նչ ակնարկ է՝ թե հայկական կողմի համար, առավել եվս, միջազգային հանրության:

-Սա հերթական ապտակն է հայ ժողովրդին։ Որքան ուզում ես քծնիր, գնա Հայոց ցեղասպանության հեղինակներից՝ Էնվեր փաշային հերոսացնող, Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, հրաժարվիր Արցախից, Արարատ լեռից, միևնույնն է, քեզ արհամարհելու են և ամեն քո զիջումն ընկալելով որպես թուլություն՝ նոր զիջումներ են պահանջելու։ Հիշենք, որ Շուշին Արցախի խորհրդանիշն է, և այնտեղ հյուպատոսություն բացելով՝ Թուրքիայի նախագահն ակնարկում է, որ Արցախի հարցը լուծված է։ Չի կարելի մեղադրել նրան, երբ քո վարչապետ կոչեցյալը Շուշին համարում է «դժգույն, դժբախտ, ադրբեջանական քաղաք» և հրաժարվում է Արցախից։

Մեզ հասնում է։

Այս խորագրի վերջին նյութերը