Քաղաքական

14.06.2023 22:53


Մտահոգված ենք, որ ԱՄՆ դուստր ձեռնարկության աշխատողներ են վիրավորվել. Պետդեպը` Երասխի մասին

Մտահոգված ենք, որ ԱՄՆ դուստր ձեռնարկության աշխատողներ են վիրավորվել. Պետդեպը` Երասխի մասին

ԱՄՆ–ն խորապես մտահոգված է այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցների առնչությամբ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ դուստր ձեռնարկության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետևանքով»,–Twitter–ի իր էջում գրել է Միլլերը։

Նա վերահաստատել է ԱՄՆ կոչը` սահմանների երկայնքով զսպվածություն պահպանել, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։

Հնդիկները բեկորային վնասվածք են ստացել կրծքավանդակի շրջանում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը