Մեկնաբանություն

14.06.2023 18:35


Բորելը բացահայտեց Փաշինյանի հերթական մեծ սուտը

Բորելը բացահայտեց Փաշինյանի հերթական մեծ սուտը

Նիկոլ Փաշինյանի և նրա հակահայ իշխանության քարոզչության առանցքն ու հիմնասյունը հօդս ցնդեց Եվրամիության Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեկ արտահայտությամբ:

Եվ այսպես, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը հայտարարեց, որ Նիկոլ Վովայի Փաշինյանը (ծնվ. 1975թ., անձնագրով՝ ՀՀ քաղաքացի, այս պահին զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը) Հայաստանի միակ ղեկավարն է, որ... Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ադրբեջանական տարածքային ամբողջականության մեջ կամ կազմում:

Հասկանո՞ւմ եք՝ ՀՀ առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք:

Իսկ դա նշանակում է, որ Ժոզեպ Բորելը, միգուցե ինքն էլ դա լավ չհասկանալով, մատնել է Նիկոլ Փաշինյանին, բացահայտել է նրա ու նրա թիմակիցների բացարձակ սուտը, ստախոսությունը, կանխամտածված կեղծիքն առ այն, թե Արցախը ադրբեջանական, իբր, ճանաչել էին դեռ նախկինները, դեռ նախկիններն էին «Ղարաբաղը տվել», դեռ Ալմաթիի հռչակագրով էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, և այլն, և այդպես շարունակ, նիկոլական «բլա-բլա-բլա...»-ներ:

Այնպես չէ, թե շատերիս համար Բորելի ասածը ինչ-որ մի նորություն էր: Առավել ևս, մեր պարագայում, որ գրեթե ամենօրյա ընթացքով, փաստերով ու տրամաբանական հիմնավորումներով բացահայտում ենք Փաշինյանի ստախոսությունները, կեղծիքները, նրա աղմկոտ հայտարարությունների սնանկությունն ու սնամեջությունը: Բայց դա, այնուամնայնիվ, այլ է: Իսկ այն, որ Եվրամիության նման ռանգի պաշտոնյան է բացեիբաց մերկացնում Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ԵՄ ներկայացուցիչն է բացահայտում Նիկոլ փաշինյանի ստախոսությունը, նրա հայտարարությունների ստահոդ ու կեղծիք լինելը, մի փոքր այլ բան է:

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, կրկնենք, Հայաստանի միակ ղեկավարն է, որ Արցախը միանշանակ ճանաչել է որպես Ադրբեջանի մաս:

Հիմնվելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ Անկախության հռչակագրի և ՀՀ ԳԽ 1992 թվականի հայտնի որոշման վրա՝ կարող ենք յուրովի շարադրել Բորելի արտահայտության տրամաբանական շարունակությունը. Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը հանցագործություն է իրականացնում, քանի որ ի՞նչ է նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, եթե ոչ հենց դավաճանություն:

Բորելը վկայակոչում է Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում արած խայտառակ հայտարարությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, ճանաչելու մասին:

Սակայն նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը դա արել է շատ ավելի վաղ, 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում՝ նույն Արևմուտքի գործուն մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի կայացրած հակահայ համաձայնությամբ:

Հենց այդտեղ է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը ադրեջանական է, ինչից անմիջապես հետո Ալիևը ձեռնամուխ եղավ Արցախի շրջափակման գործողությանը, ճանապարհի փակմանը, իսկ Փաշինյանի հետ հաջորդող պայմանավորվածություններին զուգընթաց, Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վրա անցակետ տեղադրեց, իսկ հիմա էլ անցել է Արցախի հայաթափման հաջորդ փուլին:

Էլ ի՞նչ փաստ ու տվյալ է պետք, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անհապաղ կալանավորվի՝ դավաճանության մեղադրանքով: Էլ ի՞նչ փաստ ու տվյալ է պետք, որպեսզի երկրում դեռ մնացած հայությունը վերջապես հասկանա, որ այս «թավշյա» իշխանություն կոչվածն ընդամենը թուրքական հանձնակատարներ են, որ նրանք անհապաղ պետք է հեռացվեն իշխանությունից, հակառակ դեպքում վաղը արդեն Հայաստանն էլ չի լինելու:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը