Քաղաքական

14.06.2023 15:44


Էրդողանը գովել է Փաշինյանին ԼՂ հարցում դիրքորոշման և Անկարա կատարած այցի համար

Էրդողանը գովել է Փաշինյանին ԼՂ հարցում դիրքորոշման և Անկարա կատարած այցի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում «կարևոր քայլ» է անվանել Նիկոլ Փաշինյանի վերջերս Անկարա կատարած այցը, ինչպես նաև դրական է արտահայտվել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Էրդողանի խոսքերըմեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը։

Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանն իր երկրում բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ է հաղթահարել։ Ինձ հնարավորություն ընձեռվեց կարճ շփում ունենալ նրա հետ արարողության ընթացքում։ Շնորհակալություն եմ հայտնել Թուրքիա ժամանելու համար»,-ասել է Էրդողանը։

Բացի այդ, Թուրքիայի առաջնորդը «կարևոր» է անվանել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:

«Սակայն, ինչպես արդեն ասել եմ, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Մինչև այսօր Փաշինյանը հետքայլ չի արել»,-ասել է Էրդողանը։

Նա ավելացրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը ծանրակշիռ ներդրում կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում: Նրա խոսքով՝ «տարածաշրջանում, որտեղ շատ վիշտ է եղել, խաղաղության դռները բաց են», ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը և պետք է պատասխանատու կերպով գործեն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

***

«Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը բխում է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային: Իրականում իրավիճակը պետք է անհանգստություն պատճառի նաև Իրանին»,-ասել է Էրդողանը:

Ըստ նրա՝ երկաթուղային բեռների փոխադրման տուրքերը «շատ, շատ բարձր են»։

«Հուսով եմ, որ այս խնդիրը (մեկ վագոնի փոխադրման տուրքը) շուտով կլուծվի։ Տարածաշրջանային հաղորդակցություններին առնչվող հարցերին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, և հնարավոր կլինի բացել Պեկին-Լոնդոն երթուղին»,-ասել է Էրդողանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը