Մեկնաբանություն

13.06.2023 18:10


Ի՞նչ է հուշում Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելը

Ի՞նչ է հուշում Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելը

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է: Այս մասին հաղորդում է 168.am-ը, որը հետաքրքրվել է, թե ժամանակին փաշինյանական գովազդային աղմուկ-աղաղակով հարուցված գործն ու Ջալալ Հարությունյանին մեղադրել-կալանավորելու պատմությունն ի՞նչ եղավ: Քննչական կոմիտեից ասել են. «Վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է Ջ․Հ․–ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»:

Ջալալ Հարությունյանին ներկայացված մեղադրանքները վերաբերվում էին 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման չարաբաստիկ օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին:

Այս տեղեկությունն ու Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու փաստը չափազանց հետաքրքրական են ու որոշակի դիտարկումների առիթ են տալիս:

Առհասարակ, հետաքրքիր է, թե ինչպիսի աղմուկ-աղաղակով Ջալալ Հարությունյանին մեղադրանք ներկայացվեց ու նրան կալանավորեցին, և ինչիսի սուսիկ-փուսիկությամբ են նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել: Այսինքն, ստացվում է, որ եթե լրատվամիջոցը չհետաքրքրվեր, Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման «քննչական կոմիտեն» այդպես ոչինչ էլ չէր հայտնի հանրությանը: Իբր՝ դե բան էր, եղավ, անցավ:

Քրեական հետապնդման դադարեցումը Ջալալ Հարությունյանի նկատմամբ հետաքրքրական է նաև այն կոնտեքստում, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն անում և անելու է ամեն ինչ, որպեսզի պարտությունն ու դրա հետևանքները հնարավորինս բարդի զինվորականության վրա՝ այն մոտեցման շրջածիրում, որ «մեղավոր են բոլորը, միայն ոչ՝ Փաշինյանը», «Նիկոլը սուրբ է», «Նիկոլն անմեղ հրեշտակ է», «Նիկոլն ընդհանրապես կապ չի ունեցել», վերջապես՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ կարար աներ»: Այդ հիմարագույն «թեզերը», որոնք պաթոլոգիկ դյուրահավատների համար են, այս 2 տարվա ընթացքում բազմիցս են կրկնվել ու հանրահայտ են:

Բայց այ թե ի՛նչն է հետաքրքիր: Այն, որ Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակը պարտության ու ահռելի կորուստների մատնելու իր մեղքն ու պատասխանատվությունը ձգտելու է հնարավորինս բարդել բարձրաստիճան զինվորականների վրա, կռահելի էր և պարզորոշ նկատելի: Ու նա հենց այդպես էլ վարվեց:

Բայց տարօրինակն այն է, որ զինվորականներին ուղղված այդքան հրապարակային մեղադրանքներին զուգահեռ՝ բարձրաստիճան զինվորականությունը համատարած կալանավորված ու «գնդակահարված» չէ: Ավելին, շատերը շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել, ոմանք անգամ «կարիերա են արել»՝ ավելի բարձր պաշտոնների են նշանակվել: Նույն Ջալալ Հարությունյանն էլ, հիշեցնենք, պատերազմից հետո ՊՆ-ում բավականին լուրջ պաշտոնի էր նշանակվել՝ վիրավորումից ապաքինվելուց հետո:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները սուտ են (դե, զարմանալի չէ), ամբոխի կամ խալխի համար են, զուտ ձևականություն, իսկ գեներալներն էլ լուռ գործարքի մեջ են Փաշինյանի հետ: Այսինքն, կախգլուխ լսում են հրապարակավ իրենց ուղղվող մեղադրանքները, թուքումուրը և... շարունակում են բանակում ու պաշտպանության համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնել:

Համենայն դեպս, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին բացառապես որպես «քավության նոխազացու» են պետք այդ զինվորականները: Ու Խիստ տարօրինակ է, որ նրանք, այդ ամենը հրաշալի հասկանալով, լռում են: Ընդհանրապես ծպտուն չեն հանում: Լռություն է տիրում նաև Աննա Հակոբյանի հրապարակ նետած «11 հազար դասալիքի» թեմայով:

Զինվորականներին թվում է, երևի, թե որ լռեն, ձայն չհանեն, իրենց մորթին կփրկեն: Իհարկե, նրանք չարաչար սխալվում են, որոհետև Նիկոլ Փաշինյանը, իրեն պետք եկած «իքս-իգրեկ» պահերին նրանց մեղադրելու է, կալանավորելու է, աղմկոտ պատմության թիրախ է դարձնելու, եթե անգամ հետո սուսիկ-փուսիկ «քրեական հետապնդումը կասեցնեն», ինչպես Ջալալ Հարությունյանի դեպքում եղավ:

Թե էլ ի՞նչ քաղաքական ու քարոզչական գլուխկոնծիներ կմոգոնի Նիկոլ Փաշինյանը, կարևոր չէ այն առումով, որ նա, միևնույն է, մնում է կատարված աղետի ու ողբերգության առանցքային մեղավորն ու պատասխանատուն: Ու պատասխան նա վաղ թե ուշ տալու է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը