Քաղաքական

10.06.2023 09:26


Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»

Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լրատվամիջոցները, փաստաբանները, իրավաբանական համքարության առանձին համարձակ ներկայացուցիչները պարբերաբար նշում են, որ արդարադատության նախարար - ԲԴԽ նախագահ զույգը շարունակում է արդարադատության համակարգն ավիրելու գործը՝ վերջնանպատակ ունենալով դատարանները դարձնել մեկ անձի լիարժեք և անվերապահ կամակատար: Հասկանալի է, թե ով է այդ «մեկ անձը»: Դե ինչ, Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի եռանդուն ջանքերը աննկատ չեն մնացել ու «ըստ արժանվույն» են գնահատվել ոչ միայն Հայաստանում, այլև «դրսում». ի մասնավորի, Դատավորների եվրոպական միության (European Association of Judges)՝ հունիսի 2-ին Աթենքում տեղի ունեցած տարեկան համաժողովում Հայաստանի վերաբերյալ բավականին կոշտ բանաձև է ընդունվել:

Նախ՝ Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնել «արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը»: Դիվանագիտորեն «մտահոգություն» են նշել, մինչդեռ սա բավականին ծանր դիտողություն է, կարելի է ասել: Ավելին՝ «Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն»:

Տեսեք՝ լիովին անընդունելի: Չգիտենք՝ ԲԴԽ նախագահը, նրա գործընկեր արդարադատության նախարարը կհասկանա՞ն, որ իրենց, մեծ հաշվով, կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս Եվրոպայից: Էլ ավելին. «Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը»: Բազմաթիվ մտահոգիչ փաստեր ու երևույթներ արձանագրելուց հետո, հասկանալի է, նման դատապարտող ամփոփումն անխուսափելի էր:

Ի՞նչն է հատկանշական. դատական համակարգը գործադիրի ոտաշոր դարձնելու հիմնավոր մեղադրանքներն ուղղված են ներկայացուցիչներին այն իշխանության, որոնք օրնիբուն միայն դատական համակարգի անկախության մասին ինչ-որ բաներ էին հայտարարում ու դեռ հայտարարում են, սակայն իրականում զբաղված են տրամագծորեն հակառակով: Կընկալե՞ն, որ իրենց խաղը «վառված» է, ու առժամանակ կզսպե՞ն դատական համակարգի դեմ ուղղված իրենց գործողությունները, թե՞ նման զգուշացումները բանի տեղ չեն դնի, ցույց կտա ժամանակը»:

Այս խորագրի վերջին նյութերը