Քաղաքական

09.06.2023 10:38


ՔՊ-ական Փչան Սուրոն ժողովրդի անասուններն էր տանում արոտ․ «Հրապարակ»

ՔՊ-ական Փչան Սուրոն ժողովրդի անասուններն էր տանում արոտ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի «բեսպրեդելը» շարունակում է նոր բարձունքներ նվաճել, չնայած իշխանության գալիս նրանք խոստանում էին, որ նոր Հայաստանում արտոնյալներ չեն լինելու: Կյանքը հակառակը ցույց տվեց, Նոր Հայաստանում «բեսպրեդելը» ոչ միայն ծաղկում-զարգանում է, այլեւ Փաշինյանի հովանավորչությամբ այդ «բեսպրեդելի» մասնակիցները երբեմն բարձր պաշտոնների են նշանակվում, դիցուք՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի դեպքը, որին փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծից հետո հանեցին մարզպետի պաշտոնից, բերեցին ԱԺ։

Նախօրեին իշխանության ներկայացուցիչ եւս մի պաշտոնյայի մասնակցությամբ հերթական աղմկահարույց միջադեպը գրանցվեց։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի մտերիմ Սուրեն Թորոսյանը, ով Սափեյանի ընտրվելուց հետո նշանակվել է խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի Ջուր օգտագործողների ընկերության՝ ՋՕԸ-ի պետ, ծեծի է ենթարկել նույն համայնքի 24-ամյա բնակիչ, էպիլեպսիայով հիվանդ Արմեն Սահակյանին։ Դեռեւս անհայտ պատճառներով ծագած վիճաբանության ժամանակ համայնքապետարանի պաշտոնյան նախ գազ է փչել երիտասարդի աչքերին, ապա մահակով հարվածներ հասցրել գլխին եւ մարմնի այլ մասերին։ Երիտասարդին Թալինի բժշկական կենտրոնում օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել, գլխի շրջանում պատռվածքին երկու կար է դրվել։ Տուժող կողմը ոստիկանություն է դիմել, բայց պաշտոնյան հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում միայն այն բանից հետո, երբ Արագածավանի տասնյակ բնակիչներ փակեցին միջպետական մայրուղին, ապա շրջափակեցին «Փչան Սուրո» մականվամբ հայտնի Սուրեն Թորոսյանի տունը։ Վերջինս ուշ երեկոյան ձերբակալվել է, կա հարուցված քրեական գործ` Քրեական օրենսգրքի 195 հոդվածի առաջին կետի հատկանիշներով, այն է` «Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը», որը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Քիչ է ասել, թե Սուրեն Թորոսյանը ՔՊ-ական է` Տավրոս Սափեյանի մտերիմն ակտիվ մասնակցություն է ունեցել հեղափոխությանը եւ ստացել է իր վարձքը՝ նախ աշխատանքի անցնելով ՋՕԸ-ում որպես շարքային աշխատակից, իսկ ՋՕԸ պետ նշանակվել է Սափեյանի ընտրվելուց հետո։ Բարձրագույն կրթություն չունեցող Թորոսյանը գյուղում մշտապես աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով, նախկինում զբաղվել է անասնապահությամբ։ Վարչական ղեկավար Արթուր Նազարյանը մեզ պատմեց, որ նա արածեցնում էր իրենց եւ գյուղի անասունները։

Հեղափոխությունից հետո ակտիվ «լորիսությամբ» է զբաղվել՝ գործ տալով․ համայնքի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ 24 ժամ շրջել է համայնքում եւ հարակից համայնքներում, լուսանկարել ամենաչնչին միջադեպերը եւ գործ տվել ոստիկաններին։ Փոխարենն ինքն է անպատիժ մնացել, չնայած որ իր հերոսությունների մասին անգամ անձամբ է հրապարակային խոստովանություններ արել։ Օրինակ, վերջին դեպքից շաբաթներ առաջ էլ, պարզվում է, Արցախից տեղահանված եւ Արագածավանում վերաբնակեցված մի ընտանիքի 7-ամյա անչափահաս տղայի նկատմամբ է բռնություն կիրառել: Իհարկե, ոչ թե ֆիզիկական բռնություն, այլ 7-ամյա երեխային «չոլի» մեջ թողել է ու հեռացել` հպարտորեն պատմելով այդ մասին: Նախօրեի միջադեպից հետո համացանցում տարածվեց այդ տեսանյութը, որտեղ Սուրեն Թորոսյանը ներկայացնում էր, թե ինչպես է որոշ ժամանակ առաջ ճանապարհից մի 7-ամյա երեխայի վերցրել՝ տեղ հասցնելու համար, սակայն, երբ իմացել է, որ տղան արցախցի է եւ մեղադրում է այս իշխանություններին՝ իր հայրենիքը կորցնելու համար, կանգնել է եւ մեքենայից իջեցրել երեխային, իր բնորոշմամբ՝ «չոլերում»։ «Ասեց՝ Ղարաբաղից եմ եղել: Հարցրեցի՝ շուտվանի՞ց եք եկել, ասեց՝ «դավաճան Նիկոլը հողերը տվել է, հիմա էլ պատրաստվում է Երեւանը տալ»:

Եվ տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի են, աշխատում են համայնքապետարանում: Նման տիպի «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից: Ապշել էի, որ 7 տարեկան երեխան այդպես է խոսում, կանգնել եմ, դուռը բացել եմ եւ ասել՝ իջի, գնա չոլերի մեջը»,-պատմում էր Սուրեն Թորոսյանը:

ՔՊ-ականին հիշում են նաեւ պատերազմից հետո, ի աջակցություն Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում կազմակերպված ցույցերից, Փչան Սուրոն հերոսապատումներ էր ներկայացնում, թե ինչպես են կռվել Արցախում, ապա սպառնում էր Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։

Այս խորագրի վերջին նյութերը