Քաղաքական

08.06.2023 13:16


Արագածավանում իրավիճակը պայթյունավտանգ է. ՔՊ-ն գյուղը մասնատել է. Արագածավանի բնակիչ

Արագածավանում իրավիճակը պայթյունավտանգ է. ՔՊ-ն գյուղը մասնատել է. Արագածավանի բնակիչ

Երեկ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում միջադեպ էր գրանցվել, ինչից հետո երեկոյան արագածավանցիները մի քանի ժամով փակել էին ճանապարհը՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը և պահանջելով, որպեսզի պատժվի Արագածավանի կոմունալ վարչության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը։ Միջադեպն առաջացել էր այն բանից հետո, երբ ՔՊ-ականն իր մեքենան տարել է ավտոլվացման կետ, որպեսզի լվանա, աշխատակցի սպասարկումը, ով առողջական որոշակի խնդիրներ ունի, Սուրեն Թորոսյանի «հավանությանը չի արժանացել», որի արդյունքում էլ նա հարվածել է տղային և նրա աչքերին գազ փչել։

168.am-ի հետ զրույցում Արագածավանի բնակիչներից մեկն ասաց, որ այս պահին ճանապարհը բաց է, սակայն ամեն պահի կարող է կրկին փակվել։

«Այս պահին գյուղի կենտրոնում եմ, խաղաղ է, բայց իրավիճակը պայթյունավտանգ է։

Այս ամենը ՔՊ-ի «ձեռքբերումն» է, ինչպես «սևն ու սպիտակը» սարքեցին, այնպես էլ հիմա մարդկանց են ծեծում, ով ՔՊ-ական չէ, ինչի այս մարդիկ, իրենցից բացի, այլ մարդու ճանաչո՞ւմ են։ Բերեցին, արտոնյալ դարձրեցին, գոնե այդ ՔՊ-ականը տառ ճանաչի, տառաճանաչ լինի, այդ մարդը հայերեն տառերը չի ճանաչում։

Սա հո առաջինը չէ, երկրորդը չէ, և այս ամենը լավ բանի չի բերի։ Ծեծի ենթարկված տղան անչափահաս չէ, բայց ունի առողջական խնդիրներ»,-նշեց մեր զրուցակիցը։

Նա նաև փոխանցեց, որ ծեծված տղայի հարազատները չեն բողոքի ակցիա իրականացրել, այլ գյուղացիները, քանի որ տղայի հայրը Ռուսաստանում է, Արագածավանում մայրն է։

«Այդ ՔՊ-ականը մտածել է՝ եթիմ երեխա է, ծեծում է, թե չէ՝ տերով երեխա լիներ, այդպե՞ս կաներ։ Սա Արագածավանն է, ու այս ամենը հաստատ շարունակություն կունենա։

Նման դեպքերը բացառելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, վերացնել ՔՊ-ական շունչը, առաջին հերթին մեր երկրից, առավել ևս՝ մեր գյուղից։ Դրանք այս գյուղը մասնատել ու դարձրել են չգիտեմ ինչ»,-շեշտեց նա։

Դիտարկմանը՝ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, և հեղափոխությունը դրա համար է եղել, ավելին՝ հեղափոխությունից հետո մարդկանց երեսին ժպիտ է հայտնվել, մեր զրուցակիցը նկատեց.

«Դրանք ժպիտներ խլող են, բա մեր 5000 երեխու ժպի՞տը, եկեք գյուղ՝ 21 լուսավոր երեխու ժպիտ չկա, մտեք ակումբի պատին նայեք, հետո կասեք, թե ՔՊ-ն ով է»,-եզրափակեց Արագածավանի բնակիչը։

Այս խորագրի վերջին նյութերը