Լրահոս

13.10.2011 09:59


«Շահ դենիզը» և ադրբեջանաթուրքական խաչվող շահերը

«Շահ դենիզը» և ադրբեջանաթուրքական խաչվող շահերը

Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգը ներկայում ծանրացած է շատ հիմնարար ու զգայուն մի հարցի վրա: Իր լուծմանն է սպասում Ադրբեջանի և արևմտյան էներգետիկ կոնսորցիումների ու հատկապես Թուրքիայի միջեւ «Հարավային գազային միջանցք» անվանմամբ գազային նոր խողովակաշարերի շուրջ համաձայնությունների կայացման խնդիրը:

Էներգետիկ այդ նախագծերի հարցում պաշտոնական Բաքվի համաձայնության նրբությունն այն է, որ կյանքի կոչելով հիշյալ գազամուղները, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլեւ հսկայական քաղաքական նշանակություն, Ադրբեջանը եւս մեկ քայլով իրեն կմոտեցնի արեւմտյան ռազմաքաղաքական տարածքին: Կանաչ լույս վառելով «Հարավային գազային միջանցքի» առջեւ` Ադրբեջանը վերջնականապես կհամաձայնի Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ընդհանուր մի մեծ ծրագրի մաս կազմել:

Ներկայում Ադրբեջանն ու Թուրքիան գազային համաձայնագրերի փաթեթի ստորագրման շեմին են: Այն ներառում է պայմանագրեր, որոնցով նախատեսվում է երկու փուլով գազ արդյունահանել «Շահ դենիզ» հանքավայրից և արտահանել Թուրքիա, ինչպես նաեւ Թուրքիայի տարածքով` դեպի Եվրոպա: Թուրքական Botas ընկերության հետ ինտենսիվ բանակցություններից զատ, Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության հետ մշտական կապի մեջ են նաեւ արեւմտյան էներգետիկ խոշոր ընկերությունները: Իրենց պատասխանին են սպասում հատկապես Nabucco, ITGI եւ TAP միջազգային կոնսորցիումները, որոնք հոկտեմբերի սկզբին Ադրբեջանին արդեն ներկայացրել են գազամուղերի նախագծերի իրենց վերջնական առաջարկները:

Չնայած տնտեսական հսկայական շահույթի հեռանկարին, «Հարավային գազային միջանցքի» կենսակոչումը խոստանում է քաղաքական անակնկալներ մատուցել ալիեւյան կլանին: Եթե տարածաշրջանում տերությունների քաղաքական ու տնտեսական շահերի հնարավոր բախումը, ընդհանուր առմամբ, խոսում է առանձին երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների սրման կանխատեսելիության մասին, ապա անկանխատեսելի է մնում տերությունների` Բաքվի գործողությունները զսպելու լծակների ու գործիքակազմի հարցը: Այդ տեսանկյունից վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք զարգացումներ արդեն իսկ ահազանգ են դարձել Բաքվի որոշումների կայացման ճանապարհին:

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Քըլըջը հայտարարեց, որ Բաքվի ու Անկարայի միջեւ գազային պայմանագիր ստորագրելու հարցում ոչ մի արգելք չկա, եւ միայն փաստաթղթերի անպատրաստ լինելն է պատճառը, որ պայմանագրի ստորագրումն ուշանում է: Այդ հայտարարությանը գումարվեց նաեւ պետական SOCAR ընկերության տարածած հայտարարությունը, թե «Շահ դենիզ» գազային հանքավայրից գազի փոխադրման շուրջ միջազգային կոնսորցիումների առաջարկների գնահատականի համար դեռեւս կպահանջվի 15-20 օր, ուստի դեպի Եվրոպա գազի փոխադրման երթուղին հայտնի կդառնա մինչեւ տարեվերջ։

Այս հայտարարություններն իրականում ոչ այլ ինչ են, եթե ոչ գազային երթուղիների շուրջ որոշումների կայացման հարցում Բաքվի անորոշության արտահայտություն: Կրկին ժամանակավորապես առկախելով որոշումների ընդունումը եւ շարունակելով Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ քաղաքական շահաբաժինների շուրջ ամիսներ տեւող «առեւտրային» բանակցությունները` Բաքուն հակված է եւս մեկ փորձ կատարել ի նպաստ սեփական քաղաքական դիրքերի ամրապնդման եւ ղարաբաղյան խնդրում պահանջների առաջքաշման: Սակայն քանի որ բոլոր ժամկետներն արդեն հատում են ողջամտության սահմաններն ու, հետեւաբար, սպառում ուժային կենտրոնների համբերությունը` Բաքվի քմահաճ գործելաոճը վերածվել է նոր խնդիրների ծագման սկզբնաղբյուրի: Ամենամեծ աշխուժությունն առայժմ նկատվում է թուրք-ադրբեջանական ճակատում, որտեղ էլ դրսեւորվում են Բաքվի գործողությունների զսպման հիմնական միջոցները: Ընդ որում` պաշտոնական Անկարայի կողմից նոր հարցադրումների ու տեղեկատվական ուղղորդող զգուշացումների հոսքը խոստանում է պարբերական բնույթ կրել եւ ընթանալ դեպի հարաճուն կոշտացում:

Անցած ամիս Իսրայելի հարցում թուրքական եւ ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների փոխանակումն արդեն իսկ մատնանշեց երկու եղբայրական երկրների միջեւ նոր ծագած հարցերի վերաբերյալ տարամետ դիրքորոշումների ձեւավորման հնարավորությունը: Ի պատասխան Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Քըլըչի այն հայտարարությանը, թե եղբայրական Ադրբեջանը պետք է թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման խորապատկերին վերանայի Իսրայելի հետ իր հարաբերությունները, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը բավական լղոզված պատասխան տվեց:

Թուրք-ադրբեջանական հարաբերություններում անորոշությունն առավել խորացավ անցած շաբաթ, երբ Ադրբեջանի լրատվամիջոցներն ու ընդդիմադիր շրջանակները սկսեցին շրջանառել ալիեւյան վարչակարգի ավտորիտար բնույթի պատճառով ադրբեջանական ընդդիմությանն աջակցելու` թուրքական իշխանությունների մտադրության մասին լուրերը: Դրանք առավելապես ընկալվեցին որպես ադրբեջանա-իսրայելական բնականոն հարաբերությունների դեմ թուրքական հերթական քայլերի արտահայտություն: Սակայն Ադրբեջանի առջեւ այսօր իսկ ծառացած էներգետիկ նոր նախագծերի հարցում անցնցում համաձայնությունների կայացման խնդիրը, մասնավորապես կորուստների բացառումը կողմերից (ԱՄՆ, Եվրամիության երկրներ, Թուրքիա, Ռուսաստան) թեկուզեւ մեկի հետ հարաբերություններում, վկայում է, որ Բաքուն կանգնած է լրջագույն երկընտրանքի առջեւ, հետեւաբար` անգամ դաշնակիցների կողմից անհավանական թվացող հարվածները հիմնականում պայմանավորված են պաշտոնական Բաքվին դեպի սեփական ծրագրերի տիրույթ հակելու` Թուրքիայի մղմամբ:

Ընդ որում, կարելի է նկատել, որ ոչ միայն ալիեւյան վարչախմբին ուղղված խնդրահարույց «հաղորդագրությունների» հոսքը, այլեւ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների շուրջ նախորդ ամիս տեղ գտած թուրքական հարցադրումները առավելապես պայմանավորված են եղել Թուրքիայի ցանկությամբ` հասնելու Բաքվի կողմից գազային փոխադրումների համաձայնագրերի փաթեթի ստորագրմանը: Ըստ էության, թուրք-ադրբեջանական գազային նախնական համաձայնությունների տիրույթում են գտնվում նաեւ ռուսական գազի գնի շուրջ թուրքական պահանջների ի հայտ գալը եւ հոկտեմբերի 1-ին թուրքական Botas ընկերության կողմից «արեւմտյան» ուղով ռուսական գազի ներկրումից հրաժարվելու ու «Գազպրոմի» հետ պայմանագիրը չերկարաձգելու հանգամանքը: Խախտելով սեփական խոստումներն ու հավաստիացումները, թե հոկտեմբերին գազային նոր երթուղիների եւ ծավալի շուրջ կլինեն վերջնական համաձայնություններ` Ադրբեջանն արդեն իսկ դարձել է պաշտոնական Անկարայի անսպասելի հարվածների թիրախը:

 

Ալիեւյան վարչախմբի դիրքերի խոցելիության վկայություն է նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի` Բաքու այցի կապակցությամբ ադրբեջանական քաղաքական շրջանակների նկատելի նյարդայնությունը: Եթե Ֆրանսիայի նախագահի կարճատեւ կանգառն Ադրբեջանի մայրաքաղաքում կարելի է դիտարկել Թուրքիայի հետ միեւնույն շահերի ծիրում պաշտոնական Բաքվի նկատմամբ Արեւմուտքի ճնշման գործադրում, ապա անտեսանելի է մնում այն ուժերի ու միջոցների կիրառությունը, որոնք Ադրբեջանին ետ են պահում արեւմտյան գազային նոր երթուղիների հարցում վերջնական համաձայնություն տալուց: Կարելի է ենթադրել, որ Բաքվի դիրքորոշման հստակեցման դեպքում հիշյալ գործոնները նույնպես կարող են լույս աշխարհ գալ` այս անգամ արդեն ռուս-ադրբեջանական հարաբերություններում ստեղծելով էական բարդություններ: Համենայնդեպս` դա ապագայի քողի տակ է գտնվում, այն դեպքում, երբ ներկան «լցվում» է թուրքական երկու պետությունների միջեւ էներգետիկ աներեւույթ վեճերով:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը