Մեկնաբանություն

05.06.2023 19:10


Նիկոլենք անգամ յուրայիններին են քյոլում

Նիկոլենք անգամ յուրայիններին են քյոլում

Միայն անբուժելի «նիկոլականը» և հոգեմտավոր կարողություններից զուրկը կարող է դույզն-ինչ հավատ ընծայել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ տարբեր տրամաչափի «նիկոլփաշինյանների» ասածներին: Հատկապես՝ անցած 5 տարիներին, պատերազմի ընթացքում և դրան հաջորդած վերջին երկուսուկես տարվա ընթացքում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ անվանապես անհիշատակելի մյուսների բազմաթիվ բացահայտված ստախոսություններից հետո: Այդուամենայնիվ, գոնե քիչ թե շատ պատկերացում կազմելու համար, թե Փաշինյանն ու նրա գործակիցները ինչ նոր աղետներ են պատրաստվում բերել Արցախի, Հայաստանի ու հայության գլխին, հարկ է լինում գոնե «ի գիտություն» ընդունել դրանց հայտարարությունները:

Վերցնենք թեկուզ Փաշինյանի ԱԽՔ-ին՝ արցախցի ծնող ունեցող, ավելին՝ Արցախում ծնված Արմեն Գրիգորյանին, որ նախօրեին իրենց անձնական սպասարկման Հ1-ով հարցազրույց էր տալիս:

Ասածների մեջ ուշադրություն գրավեց, օրինակ, այն, թե իր կարծիքով, «խաղաղության պայմանագիրը» հնարավոր է կնքել մինչև ընթացիկ տարվա վերջ: Մյուսը, ինչ ուշադրություն գրավեց, այն էր, թե Փաշինյանի ԱԽՔ-ը փորձում էր տպավորություն ստեղծել, թե իբր դեռ շատ բաներ ունեն քննարկելու Ալիևի հետ:

Իսկ ամենից հետաքրքիրը Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությունն է, թե Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերում հիմնվելու են ԽՍՀՄ 1975 թվականի քարտեզների վրա: Ըստ Արմեն Գրիգորյանի, այս հարցում «առաջընթաց ունեն» Ալիևի հետ բանակցություններում: Բայց Ալիևը այսօր հայտարարեց, թե՝ «թան էլ չէ, բրդած մածուն, ոչ մի 1975 թվի քարտեզ-մարտեզ»…

Երկուշաբթին երեքշաբթվանից շուտ վրա հասավ: Փաշինյանի ԱԽՔ-ի հարցազրույցը դեռ մի կարգին չէր էլ տարածվել, երբ ադրբեջանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ, որով գործնականում հերքեց (կամ մերժեց), թե իրենք Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հետ ինչ-որ քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու պայմանավորվածության են հանգել:

Այսինքն՝ Փաշինյանի ու նրա սպասարկուների այդ մի հայտարարությունն էլ բուտ կամ փուչ դուրս եկավ:

Ավելին, ադրբեջանական ԱԳՆ-ն, երևի խիստ ոգևորվածությունից, «վառել» կամ մատնել է Նիկոլ Փաշինյանին, որ նա այնպես է Ալիևի հետ պայմանավորվել, որ ՀՀ-ից ամբողջ 8 գյուղ՝ որպես «անկլավ», արդեն իսկ պետք է անցած լինեին ադրբեջանական վերահսկողության տակ: Այդպես էլ նշել են. «Հայաստանը «տարբեր պատրվակներով դանդաղեցրել է 8 գյուղերի վերադարձն Ադրբեջանին»:

Է՛լ ավելին: Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները շարունակ խոսում են 29.800 քառակուսի կիլոմետրի մասին՝ որպես ՀՀ տարածք: Իսկ որ ուղղակի խայտառակություն է և բացահայտ դավաճանություն, հայտարարում են Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու մասին՝ Արցախը նշելով որպես ադրբեջանական տարածք: Մինչդեռ ադրբեջանական կողմը երբեք չի հայտարարել, թե պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ավելին, Բաքուն ադրբեջանական է նշում թե՛ Սյունիքը (Զանգեզուր), թե՛ Երևանը (Էրիվան), թե՛ ՀՀ-ն, առհասարակ (Արևմտյան Ադրբեջան):

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն անգամ յուրայիններին է քյոլում (իրեն ավելի հոգեհարազատ բառուբանով ասենք), այսինքն՝ խաբում: Խաբում է, թե ինչ-որ բաներ է պայմանավորվել, թե «խաղաղության օրակարգն» է առաջ տանում:

Այն, ինչ նա պայմանավորվում է, ընդամենը այն է, թե էլ ինչ զիջի, նվիրի, տա իր սիրելի Ալիևին ու ադրբեջանական թուրքերին:

Ինքն իր նյութականի ու մաշկի պահպանության խնդիրները լուծել է, համենայն դեպս, իր օտարերկրյա տերերից ստացել է իր ֆիզիկական գոյության ողորմությունը: Դա արել է, բնականաբար, Հայաստանի գոյության հնարավորությունը մինչև կործանում նեղացնելու հաշվին:

Ի՞նչ կատարվեց: Մեծ հաշվով, Ադրբեջանը և միասնական Արևմուտքը, Նիկոլ Փաշինյանի միջոցով, վիժեցրեցին կամ առ ոչինչ դարձրեցին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հանրագումարում Ադրբեջանը ստացավ, ստանում ու, եթե սրանց մահիշխանությունը շարունակվի, ստանալու է ամեն ինչ: Ոչ թե՝ միջանցք են ստանալու, այլ ստանալու են ՀՀ տարածքը՝ որպես մի մե՜ծ միջանցք: Զուգահեռաբար, քանի որ զրոյացվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, զրոյացվել են դրանում նշված հանգամանքները, դուրս է մղվում նաև Ռուսաստանը, հանուն ինչի՝ Արևմուտքը թուրքերի ուզած ցանկացած մուղամ կզլի:

Կարճ ասած, բոլորը ստանում են այն, ինչ ուզում էին՝ Ադրբեջանը նորանոր տարածքներ, միջանցք, Արևմուտքը՝ տարածաշրջանից դուրս մղված Ռուսաստան, իսկ հայերն ստանում են վաստակած մահը, կոտորածը, ավերումն ու պետականազրկումը:

Ո՞վ կբռնի այս մահաբեր ձեռքը: Հարցն ամենևին էլ հռետորական չէ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը