Քաղաքական

01.06.2023 19:31


Տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը (տեսանյութ)

Տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը (տեսանյութ)

Մոլդովայում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Հանդիպումը տևել է մոտ 1 ու կես ժամ:

ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը:

«Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ Բրյուսելում մայիսին քննարկված բոլոր թեմաներին՝ հաղորդակցությանը, անվտանգությանը և իրավունքներին, սահմանների դելիմիտացիային, խաղաղության պայմանագրին։

Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում: Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։

Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական հանրության հաջորդ հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա Իսպանիայում: Դա նշանակում է, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, աջակցենք, ավելի մեծ առաջընթաց արձանագրենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-նշված է Միշելի հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը