Մեկնաբանություն

01.06.2023 16:50


Երեխաներին պաշտպանել Նիկոլ Փաշինյանից

Երեխաներին պաշտպանել Նիկոլ Փաշինյանից

Հունիսի 1-ը մեզանում շատերը նշում են որպես երեխաների տոն: Այդպես էլ ասում են՝ շնորհավոր երեխեքի տոնը: Իրականում հունիսի 1-ը երեխաների իրավունքների՛ պաշտպանության օրն է: Եվ օրվա խորհուրդը, ասել Թումանյանի՝ «քաջ որսկանի գյուլլի պես», ուղղված է մեծահասակներին, առաջին հերթին՝ ծնողներին, մանկավարժներին և մյուս մեծիկներին:

Նկատենք, որ հունիսի 1-ը նաև ոչ բարով՝ Նիկոլ Փաշինյանի չարաբաստիկ ծննդյան օրն է...

Հուսանք, բազմակետը որոշ չափով արտացոլեց այդ հատվածում ընթերցողների բնական ու անխուսափելի, սակայն ոչ մեջբերելի արձագանքները: Եվ իր ծննդյան օրով, ինչպես հայտնի է, Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում «հնգակողմ հանդիպում» է ունենալու, ներառյալ իր սիրելի գործընկեր Ալիևի հետ: Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում է՛լ ավելի է վատացնելու առանց այդ էլ օրհասականի հասցրած վիճակը և նոր հակահայկական համաձայնություններ է կայացնելու: Հանդիպումը կավարտվի, հայտարարությունները կհնչեն, հասկացողները՝ կհասկանան, ովքեր դեռ համոզվելու խնդիր ունեն, թերևս կհամոզվեն:

Կարևորը երեխաներն են: Եվ այսօրվա՝ հունիսի 1-ի խորհուրդը Հայաստանում նոր շեշտադրում ունի՝ երեխաներին պաշտպանել Նիկոլ Փաշինյանից: Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեմտավոր առումով է պետք պաշտպանել:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գլխակեր է, ու նրա այդ հատկանիշը, ցավոք, կոնկրետ դրսևորում ունի՝ «Եռաբլուրը»: Ու Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում 2020-ին ու հավորդած այս երկուսուկես տարիներին գոյացած եռաբլուրները: Քանի ու քանի երեխայի գլուխ կերավ իր արկածախնդրական ու անպատասխանատու «խաղաղասիրական» քաղաքականությամբ, որի էությունը սոսկ թշնամիների շահերի սպասարկումն է:

Այդ նա է հիմնական մեղավորը, որ այսօր շուշեցի, հադրութցի, բերձորցի երեխաները զրկված են ծննդավայրից: Այդ Նիկոլ Փաշինյանն է հարյուրավոր երեխաներից խլել նրանց հայրիկներին, հորեղբայրներին՝ դարձնելով նրանց մանկությունն անհայր: Նիկոլ Փաշինյանն է հազարավոր ծնողների որդեկորույս դարձնելու առանցքային մեղավորը...

Երեխաներին պետք է պաշտպանել Նիկոլից ու նիկոլիզմից, որ կիսագրագետ ու ստախոս չմեծանան, որ չար ու բարդույթավորված չլինեն, որ մանուկ հասակում հեծանիվ ու գնդակ ունենան, որպեսզի հետո ոխակալության զգացում չունենան հասարակության ու մարդկանց նկատմամբ:

Երեխաները պետք է մեծանան՝ երեխայաբար հասկանալով, որ իրենք մեծ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովրդի այդ ունեցվածքի ժառանգներն ու շարունակողներն են:

Երեխաներին պետք է պաշտպանել Նիկոլից ու նիկոլիզմից, որպեսզի ստախոս ու անպատասխանատու չմեծանան ու չարիք չդառնան հասարակության ու երկրի համար:

Կարճ ասած, երեխաներին պետք է պաշտպանել ու դաստիարակել այնպես, որ հանկարծ ու հանկարծ Նիկոլ Փաշինյան չմեծանան: Ու ոչ էլ՝ նիկոլական:

Երեխաների իրավունքների պաշտպանությա՛ն օրն է: Իսկ երեխաների իրավունքների լավագույն պաշտպանությունը նրանց անհոգ մանկություն ու ապրելու, արարելու տեղ և հիմք ապահովելն է:

Ո՞ր ծնողը չի ուզում, որ իր երեխան լավ ապագա ունենա: Իսկ այսօր դա հնարավոր է ապահովել միայն մի դեպքում՝ իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշինյանին և ազգուրաց-Արցախուրացների նրա խմբին: Քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, ապագա չկա: Եթե շարունակի իշխանավարել Նիկոլ Փաշինյանը, ապա չի լինելու նաև Հայաստանը: Հետևաբար, պետք է պաշտպանել երեխաների՝ Հայրենիք, երկիր ու պետություն և ապագա ունենալու իրավունքը: Իսկ դա ծնողների ու մյուս մեծահասակների գործն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը