Քաղաքական

01.06.2023 15:02


Շառլ Միշելը հուսով է, որ Քիշնևում Հայաստանը և Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը

Շառլ Միշելը հուսով է, որ Քիշնևում Հայաստանը և Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս է հայտնում, որ Քիշնևում հունիսի 1-ին նախատեսվող հնգակողմ հանդիպմանը Հայաստանը և Ադրբեջանը կրկին կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Միշելն այս մասին ասաց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպումից:

«Այս կարևոր հանդիպումը տեղի կունենա այսօր: Ես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման առիթ եմ ունեցել Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ: Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել: Եվ հուսով եմ, որ սա կրկին առիթ կլինի՝ հաստատելու երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,-ասաց Միշելը:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հունիսի 1-ին Քիշնևում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը