Մեկնաբանություն

31.05.2023 18:00


Արյան, խավարի, հալածանքների, հետապնդումների մեջ կորած Հայաստանը «պայծառ կետ» է ԱՄՆ-ի համար

Արյան, խավարի, հալածանքների, հետապնդումների մեջ կորած Հայաստանը «պայծառ կետ» է ԱՄՆ-ի համար

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, դատելով նրա խոսքերից, անդամագրվել է Նիկոլ Փաշինյանի «Խաղպայմանագիր» կուսակցությանը: Եվ, որպես կուսակցական մինիմումի կատարում, որոշել է անել այնպիսի հայտարարություն, որով բացահայտորեն էշի տեղ դնի բոլորին: ԱՄՆ դեսպանուհին, բնութագրական գովազդային ժպիտով հայտարարել է, թե Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ: Մի խոսքով, լիարժեք աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի անմարդկային ռեժիմին և հայտարարել, որ ԱՄՆ-ն ձեր կողքին է:

Այսինքն, ԱՄՆ-ն մի արյունարբու ռեժիմի կողքին է, որը աչքի է ընկել ամենավայրագ հալածանքներով, հետապնդումներով, ժողովրդավարություն ասվածի համակողմանի բռնաբարությամբ, բանտարկյալների խոշտանգումներով, քաղաքական նկատառումներով հետապնդումներով ու բանտարկություններով, ազատությունների ոտնահարմամբ և այլևայլ այլանդակություններով:

Իսկը տեղն է հիշեցնելու ամերիկյան հանրահայտ նախագահներից մեկի ոչ պակաս հանրահայտ արտահայտությունը՝ «Սամոսան, իհարկե, շան տղա է, բայց դա մե՛ր շան տղան է»: Այսինքն, եթե որևէ մեկը, թեկուզ ամենաստոր ու ամենավերջին բռնապետը լինի, ԱՄՆ-ին ձեռնտու է, ապա նրան ամեն կերպ կգովաբանեն՝ մոռանալով ամերիկյան քաղաքական «բրենդների»՝ ժողովրդավարության, խոսքի ազատության, իրավունքների մասին:

Ա՛յ, նման եղանակով էլ ԱՄՆ դեսպանուհին հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը տարածաշրջանում «պայծառ կետ» է դարձնում Հայաստանը: Ինչո՞ւ է այդպես հայտարարում: Շատ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանը համաձայնել է թշնամուն հանձնել Արցախը, Հայաստանից ու տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, ավելի ճիշտ՝ մասնակցել այդ ծրագրի իրականացմանը: Դրա համար էլ նա «պայծառ կետ» է:

Այն, որ ԱՄՆ-ի համար այդ «պայծառ կետը» մինչև կոկորդը թաթախված է հազարավոր հայ երիտասարդների արյան մեջ, այն, որ այդ «պայծառ կետը» կործանում է Հայաստանն ու Արցախի հայությանը մատնում է կոտորածի, ԱՄՆ-ին ու ամերիկյան դեսպանին, բնականաբար, չեն հուզում: Դա, առհասարակ, մեզ պիտի հուզի:

Ինչ վերաբերում է «պայծառին», ապա ԱՄՆ դեսպանուհուն կարելի էր չափազանց թարմ մի օրինակ ցույց տալ, որն արտացոլված է ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանի հայտարարության մեջ:

Ի՞նչ է տեղի ունեցել: Ինչպես իր գրառմամբ այսօր ներկայացրել է Միքայել Համբարձումյանը, օրերս իր կնոջը պարտադրվել է առանց որևէ օբյեկտիվ պատճառի, առանց օրինական հիմքի՝ աշխատանքից ազատվել, ինչի հետևանքով իր որդին, չհանդուրժելով մոր նկատմամբ անարդար վերաբերմունքը, հեռացել է ԱԱԾ-ից:

Միքայել Համբարձումյանը պատրանքներ չունի և նշում է, որ իր ընտանիքի անդամների վրա այդ խայտառակ ճնշումն ու հետապնդումը պայմանավորված են իր հայացքներով ու հասարակական գործունեության, այն է՝ հանիրավի կալանավորված գեներալ Գրիգորի Խաչատուրովին աջակցություն ցուցաբերելու հետ:

Սա, կարելի է ասել, հայացքների համար մարդուն ու նրա մերձավորներին հետապնդելու «դասական» դեպք է:

«Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն, որը չի կարող բարոյական և իրավական հետևանքներ չունենալ թեկուզ ապագայում: Եթե այսպես վարվում են իմ ընտանիքի հետ, ապա, պատկերացրեք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շուրջ»,-նշել է Միքայել Համբարձումյանը:

Երևի ԱՄՆ դեսպանուհու աչքը կարելի էր խոթել այդ փաստերը, բայց իմաստ չունի: Նա, հնարավոր է, արդեն տեսողությունը կորցրել է, այնքան է նայել Նիկոլ Փաշինյանի ձևավորած «պայծառ կետին»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը