Մեկնաբանություն

31.05.2023 00:39


Որն է «Մայր Հայաստան» շարժման հիմնական առաքելությունը

Որն է «Մայր Հայաստան» շարժման հիմնական առաքելությունը

Մայիսի 28-ին, ինչը խորհրդանշական է, տեղի ունեցավ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը: Սկզբունքորեն, նման հասարակական-քաղաքացիական շարժման, նախաձեռնության ձևավորումը սպասելի էր և օբյեկտիվորեն հասունացել էր, առավել ևս՝ առկա իրավիճակում:

Ինչ նկատի ունենք՝ նշելով, որ օբյեկտիվորեն հասունացել էր: Գործող իշխանությունը կամ այն, ինչ համարվում է այդպիսին, Հայաստանն ու Արցախը հանում է կործանման: Արդեն իսկ բացեիբաց հրաժարվել են Արցախից և այժմ, ըստ էության, դրված է Հայաստանի Հանրապետության, առհասարակ, սեփական երկրում հայության լինելիության հարցը:

Սա արդեն ավելին է, քան զուտ անվտանգային հարց կամ սպառնալիք, սա արդեն զուտ քաղաքական հարց էլ չէ: Վերքաղաքական է: Նման պայմաններում, մանավանդ, երբ տարիներով հանրության մեջ սերմանվել է փոխադարձ անվստահություն ամենքի ու ամեն ինչի նկատմամբ, կարելի է ակնկալել, որ իրավիճակում փոփոխություն մտցնելու համար վերկուսակցական մոտեցումներ են պետք, վերկուսակցական շարժում կամ նախաձեռնություն:

«Մայր Հայաստանը» հենց նման վերկուսակցական մոտեցման արտացոլում է: Շարժման նախաձեռնող խումբն իսկապես հասարակական, քաղաքական, քաղաքացիական տարբեր շրջանակների ներկայացուցիչներից է բաղկացած, և դա կարևոր է:

Շարժման անվանումն էլ խորհրդանշական է՝ «Մայր Հայաստան»: Երբ վիճակն օրհասական է, հենց Մայր Հայրենիքն է օգնության կանչում ու մարտի կոչում իր զավակներին:

Չափազանց կարևոր է շարժման նախաձեռնողների ընդգծումը, որ սա ընտրական ինչ-ինչ վայրիվերումների մեջ մտնելու հայտ չէ կամ նախապատրաստություն, ինչի մասին ևս մեկ անգամ շեշտվեց այսօրվա ասուլիսում:

«Մայր Հայաստանը» դրել է այսօրվա օրակարգի ամենից գլխավոր հարցը՝ կատարել իշխանափոխություն, իշխանությունից հեռացնել կործանարարներին: Սա հիմնական հարցն է. երկրի, ժողովրդի հետագային վերաբերող ցանկացած լուծում կամ տարբերակ հնարավոր է միայն մեկ պարագայում ու պայմանով՝ իշխանությունից պետք է հեռացվեն Նիկոլ Փաշինյանն ու նրա խումբը:

Այնպես որ, միանգամայն հստակ է շարժման կոչը. «Մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին: Ստեղծված վիճակում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը պատմական բեկում մտցնելու միակ հնարավորությունն է»:

Նմանապես կարևոր է շեշտադրումը, որ «Մայր Հայաստան» շարժումը վերկուսակցական է:

Ընդգծենք՝ շարժման խնդիրը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:

Կարևոր է, նաև, որ ի սկզբանե նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո ժամանակավոր կամ անցումային կառավարություն ձևավորելու և դրանից մեկ տարի անց միայն ընտրություններով իշխանություն ձևավորելու մասին:

Բայց մինչ այդ առանցքայինը միավորումն է, այս ծանր պահին բոլոր կարողունակ ուժերին, շրջանակներին, երիտասարդությանը, հայրենակիցներին համախմբելը և Արցախի, Հայաստանի կործանումը թույլ չտալը, Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբին իշխանությունից հեռացնելը:

«Մայր Հայաստան» շարժումն առաքելություն ունի՝ միավորել և ազատել երկիրը կործանիչներից։

Հարություն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը