Լրահոս

12.10.2011 13:58


ՀԱԿ անդամ. «Արտահերթ խորհրդարանականը այժմեական հարց չէ մեզ համար, քանի որ հերթական ընտրություններ են մոտենում»

ՀԱԿ անդամ. «Արտահերթ խորհրդարանականը այժմեական հարց չէ մեզ համար, քանի որ հերթական ընտրություններ են մոտենում»

ՀԺԿ անդամ, ՀԱԿ–ի ներկայացուցիչ Ֆելքիս Խաչատրյանն այսօր անդրադառնալով ՀԱԿ–ի գործելակերպին ու պահանջներին՝ հայտարարել է.

-Մենք խաղաղ մարտավարությամբ ենք գործելու, պետք է որ նկատած լինեք՝ որքան կազմակերպված ու խաղաղ անցավ նստացույցը։ Մեզ համար հիմա առաջնահերթ է նախագահի հրաժարականը և արտահերթ նախագահական ընտրությունները, իսկ արտահերթ խորհրդարանականը այժմեական հարց չէ մեզ համար, քանի որ հերթական ընտրություններ են մոտենում։

«7օր»-ի հարցին՝ արդյոք այսքան ժամանակ խորհրդարանական ընտրություններ պահանջելը և հիմա դա ոչ հրատապ համարելը ՀԱԿ–ի համար պարտություն չէ՞, Խաչատրյանը պատասխանել է.

-Մենք չենք մտածում հաղթանակի մասին, մենք ձեր մասին ենք մտածում,–ասել է Խաչատրյանը ապա անմիջապես նորից անցել Սերժ Սարգսյանին քննադատելուն։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հանրահավաքների ժամանակ Տեր–Պետրոսյանը այդքան շատ է անդրադառնում Ռոբերտ Քոչարյանին, և արդյոք ՀԱԿ–ն ու Սերժ Սարգսյանի թիմը Քոչարյանի դեմ միացյա՞լ չեն պայքարում, Խաչատրյանը պատասխանել է.

-Բայց մենք Քոչարյանի մասին շատ քիչ ենք հիշատակում։ Միայն այն ժամանակ, երբ նա ինքն է իր մասին զգացնել տալիս։

«7օր»-ը փորձել է Ֆելիքս Խաչատրյանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ մեկ այլ ներկայացուցիչ Սոս Գիմիշյանից, ով, սակայն, ասել է, թե անլուրջ է համարում որևէ մեկնաբանություն անելը։

«Չնայած Խաչատրյանը ՀԱԿ անդամ է, սակայն նրա կարծիքը անձնական բնույթ ունի կամ հենց ՀԺԿ–ի տեսակետն է արտահայտում, և այն չի կարող ներկայացնել ամբողջ ՀԱԿ–ի կարծիքը»,–ասել է Ս. Գիմիշյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը