Մեկնաբանություն

29.05.2023 17:10


Փաշինյանի գերօպերատիվ շնորհավորանքը Էրդողանին. այս պարտքը հատուցմամբ է զզվելի

Փաշինյանի գերօպերատիվ շնորհավորանքը Էրդողանին. այս պարտքը հատուցմամբ է զզվելի

Ռեջեփ Էրդողանին երևի անգամ իր նախընտրական շտաբի պետը չէր հասցրել շնորհավորել՝ երկրորդ փուլում մի քանի տոկոս ավելի «վերցնելու» և Թուրքիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Բայց արդեն լրահոսում տարածվում էր «ՀՀ վարչապետ» սաղավարտը կրող Նիկոլ Փաշինյանի շնորհավորական «կայծակ-հեռագիրը»՝ Էրդողանին: Ինչպիսի՜ գերօպերատիվություն: Իրենք, երևում է ոչ միայն ուղիղ կապի մեջ են, այլև ինչ-որ «քիմիական» կապ ունեն: Որքա՜ն «նուրբ» են զգում միմյանց: Հարազատությունը հո պոզով-պոչո՞վ չի լինում:

Այ, երբ 2021-ի փետրվարին զինվորականները պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ պակաս օպերատիվ, ափալ-թափալ, կարելի է ասել, հայտարարեց, թե Թուրքիայի համար անընդունելի է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը:

Թե ասա՝ քեզ ի՞նչ, էլի: Մյուս կողմից, պարզից էլ պարզ է, որ եթե մի բան հակահայ Էրդողանի համար անընդունելի է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ զինվորական «վերնախավի» դրսևորման հիմնական ուղղությունը ճիշտ էր: Բայց դա դեռ մի կողմ:

Հիմա, իհարկե, Թուրքիայում նման իրավիճակ չէր, ավելին, շատ քիչ կասկածներ կային, որ Էրդողանը տանուլ կտա նախագահական ընտրապայքարի երկրորդ փուլում: Բայց Փաշինյանը շտապեց բոլորից առաջ ընկնել՝ նրան ուղղված շնորհավորանքով: Դե, «պարտքերը» հատուցելու խնդիր կա: Ու սա այն դեպքն է, երբ հայտնի ասացվածքը կարելի է մի փոքր խմբագրել՝ նկատելով, որ այդ մի պարտքը հատուցմամբ էլ է զզվելի:

Ի դեպ, Փաշինյանը Էրդողանին հասցրեց շնորհավորել Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի օրը: Թեպետ հանգիստ կարող էր սպասել ու մայիսի 29-ին նույն շնորհավորանքը հղել, եթե այդքան ուշագնաց է լինում իր սիրելի թուրքերի ու հատկապես՝ թրքապետ Էրդողանի համար:

Այդպես՝ այդպես էր, ինչո՞ւ Փաշինյանը մի շնորհավորանք էլ իր սիրելի Ալիևին չհղեց, մանավանդ, որ մայիսի 28-ին նա էլ էր տոն նշում:

Մայիսի 28-ին Փաշինյանը՝ իր «բարձրաստիճան» մանկլավիկներով», մեկնել էր Սարդարապատի հուշահամալիր՝ Առաջին Հանրապետության տոնի առթիվ դրսևորվելու: Ավելի անհամապատասխան միատեղում դժվար է հորինել, երևի: Ու ելույթ էլ ունեցավ, երկար-բարակ, թե՝ կեցցե Հայաստանի Հանրապետությունը: Ու՝ ոչ մի ծպտուն Արցախի մասին: Ոչ մի:

Եթե 1918 թվականին արցախցիները այնպես մտածեին, ինչը դավանում են Փաշինյանն ու իր կողմնակիցները, ապա ոչ մի հերոսամարտ էլ չէր լինի, 5-րդ գունդն էլ չէր լինի Սարդարապատի ճակատամարտում ու Հայաստանն էլ քարտեզի վրա վաղուց չէր լինի, իսկ դրանից 100 տարի անց էլ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով մեկը հավիտենապես սևով ու անջնջելի նզովքով չէր գրանցվի Հայոց պատմության էջերում, թեկուզ՝ վերջին էջում:

Որպես պատկերն ամբողջացնող տեսարան՝ ճանապարհին փակցված եռագույն բաններները ուղղակիորեն կտրտված էին: Այսինքն՝ ՀՀ պետական խորհրդանիշը՝ դրոշը փակցված էր կտոր-կտոր արած: Դրանից ավելի չարագուշակ և խորհրդանշական բան դժվար կլիներ հորինել: Նիկոլ Փաշինյանը, առանց երկիմաստությունների, ուղիղ ձևով ակնարկեց, որ Հայաստանը շարունակելու է կտոր-կտոր անել ու տալ իր սիրելի թուրքերին:

Առհասարակ, Փաշինյանի կողմից Հայաստանի որևէ ազգային տոնի առթիվ ելույթ ունենալը պղծություն է: Արցախն ուրացողը, Հայաստանը կործանման մատնողը ի՞նչ ելույթ պիտի ունենա կամ ի՞նչ պիտի ասի: Գերեզմանային «խաղաղությունից» էր նորից բարբաջելու և բարբաջեց: Այդքան բան:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը