Լրահոս

27.04.2009 18:49


Արմեն Ռուստամյան. «Կոալիցիայում մնալ–չմնալու հարցը պարզ էր դեռ ապրիլի 23–ին»

Արմեն Ռուստամյան. «Կոալիցիայում մնալ–չմնալու հարցը պարզ էր դեռ ապրիլի 23–ին»

Կոալիցիայի հետ տարաձայնություններ միշտ էլ եղել են, սակայն ազգային հարցերի հետ կապված փոփոխություն Դաշնակցությունը երբեք թույլ չի տվել և թույլ չի տա,– ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

-Այն տարաձայնությունները, որոնք բազմիցս նշվել են, կուլիսային և խոհանոցային են եղել, և լուրջ չեն դարձել։ Բայց երբ տարաձայնությունների հիման վրա սկսում են քայլեր կատարվել, երբ այդ քայլերը պարտադրում են որոշակի գործընթաց, այդ ժամանակ այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի։ Երբեք չի կարելի կատարել մի քայլ, որն անդառնալի է, որը կարող է ստիպել, որ  հաջորդը կատարես։ Հենց այստեղ առաջացան տարաձայնություններ, որոնք անհաղթահարելի էին։ Դաշնակցությունը կոալիցիոն ձևաչափով գործելով, չի կարող լիարժեք իրականացնել այն խնդիրների լուծումը, որը կարևորում է։

Արմեն Ռուստամյանը նաև նշել է, որ իրենց համար կոալիցիայում մնալ-չմնալու հարցը պարզ էր դեռ ապրիլի 23-ին, սակայն Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի  Հայաստանից բացակայելու դեպքում վերջնական վճռի կայացումը կոռեկտ չէր լինի։

-Ապրիլի 25-ին մենք հանդիպել ենք նախագահի հետ և նա մեզ հավաստիացրել է, որ շարունակելու է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել նույն տրամաբանությամբ, այսինքն՝ առանց նախապայմանների, փորձելով դա կատարել ողջամիտ ժամկետներում, թույլ չտալ որպեսզի որևէ կապ առաջանա Ղարաբաղյան գործընթացի հետ, ցեղասպանության խնդիրը կասկածանքի տակ չդնել։ Այդուամենայնիվ հայտարարությունն ընդունելու համատեքստը և օրը շատ սխալ է ընտրված և մենք մնում ենք մեր կարծիքին։ Ես չեմ ուզում կասկածել նախագահի ցանկությունների վրա, բայց մենք հարցը ուրիշ դաշտում ենք տեսնում՝ թե ի՞նչ գործընթացի մեջ ենք ներքաշվում։ Քանի որ այստեղ մի կողմի խաղ չի, մենք հայտնվել ենք բազմակողմ դաշտում և, թե այս ամենի վերջում ո՞ւր կհասնենք, սա է հարցը։,- ասել է Ա.Ռուստամյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը