Քաղաքական

28.05.2023 08:04


Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո:

Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կասեցրին թուրքական ներխուժումն Անդրկովկաս՝ կանխելով Հայաստանի լիակատար ոչնչացումը:

Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն էր Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և Հանրապետությունը խորհրդայնացվեց:

Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերն անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում:

«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»,–ասել է ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունին։

Այս խորագրի վերջին նյութերը