Քաղաքական

27.05.2023 11:44


Ալիևն ու Փաշինյանը Պուտինին «պարուրում են» բանավոր հայտարարություններով. Ստանիսլավ Տարասով

Ալիևն ու Փաշինյանը Պուտինին «պարուրում են» բանավոր հայտարարություններով.  Ստանիսլավ Տարասով

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն iarex.ru-ում գրում է․ Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Փաշինյանի եռակողմ հանդիպումը, որի հետ շատ փորձագետներ կապում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի և նույնիսկ բեկումնային պայմանավորվածությունների ձեռքբերումը, ոչ մի կոնկրետ բանով չավարտվեց: Այո, և տևեց այն, հակառակ սպասումների, ընդամենը մոտ 20 րոպե. ուստի տպավորություն է ստեղծվում, որ կողմերն ավելի վաղ իրենց հույզերն են արտահայտել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ալիևի և Փաշինյանի միջև բռնկված սուր բանավեճի ընթացքում, որտեղ Ալիևը ներկա է եղել որպես հյուր:

Նման սպասումները թեժանում էին նաև նրանով, որ նախօրեին ռուսական ԶԼՄ-ներում տեղեկատվական արտահոսք էր կազմակերպվել, որի համաձայն՝ Մոսկվայում ստորագրման էին պատրաստվում երկու փաստաթուղթ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին (նշվում էր, որ այն պատրաստել են երեք երկրների փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը, Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը), և երեք երկրների առաջնորդների թվով հինգերորդ համատեղ հայտարարությունը, որի համար պատասխանատու էին երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Հնարավոր է, որ այդ փաստաթղթերի որոշ դրույթներ քննարկվել են Պուտին-Ալիև-Փաշինյան առանձին հանդիպումների ժամանակ։ Բայց բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն այդպես էլ չհայտնվեց։

Ինտրիգն այստեղ այլ է։ Ալիևն ու Փաշինյանը համատեղ «խաղ» են վարում արևմտյան բանակցային այլ հարթակներում։ Ընդ որում, նրանք արձանագրում են, որ հենց այդ հարթակներում են ինչ-որ դրական պայմանավորվածություններ ձեռք բերել, որ Մոսկվային փոխարինած Եվրոպական միության և ԱՄՆ միջնորդական ջանքերը շուտով հաջողությամբ կպսակվեն, և կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Բայց դա հնչում է միայն հայկական և ադրբեջանական ղեկավարության բանավոր պաշտոնական հայտարարությունների մակարդակով, այդ թվում՝ այնպիսի կարևոր պայման նշելիս, ինչպիսին կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է, բայց առանց թղթի վրա դիրքորոշումների ամրագրման։

Թվում է, թե Մոսկվայում էլ Բաքուն և Երևանը շարունակել են գործել նման սցենարով, իսկ Պուտինը, բացելով եռակողմ հանդիպումը, ստիպված է եղել հիշեցնել, որ հենց Ռուսաստանի մասնակցությամբ ձևաչափով է հաջողվել հասնել 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, այնուհետև սկսել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքները։ Տրամաբանորեն, այս ուղղությամբ հետագա զարգացումները զարգացնելով՝ հնարավոր կլիներ որոշ հարցերի լուծմանը տալ զուտ տեխնիկական բնույթ: Չի ստացվում, չնայած Մոսկվայում կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել, որտեղ կշարունակվեն քննարկվել հարցեր, «որոնք դեռ լուծված չեն»:

Ըստ բոլոր նշանների՝ Բաքուն և Երևանը, Մոսկվայի և արևմտյան «բեմահարթակներում» զգալի դիվանագիտական մարաթոն իրականացնելով, կշարունակեն դիմել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։ Արդեն հայտարարվել է, որ հունիսի 1-ին Քիշնևում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ կկայանա Ալիև-Փաշինյան հերթական հանդիպումը: Ավելի վաղ՝ Մոսկվայի գագաթնաժողովից առաջ, Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ են վարել Բրյուսելում: Թեև Ադրբեջանը հասկացնում է, որ իր համար նշանակություն չունի, թե որ հարթակում բանակցել և պայմանագիր կնքել՝ մոսկովյան թե բրյուսելյան, ստեղծված իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, քանի որ հենց արևմտյան հարթակում է կոնկրետ քննարկում տարվում խաղաղության պայմանագրի ենթադրյալ տեքստի շուրջ, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ին Մոսկվայի միջնորդությամբ կնքված հաշտության համաձայնությունն ընդամենը հակամարտության ռազմական փուլի միջանկյալ ավարտն է։

Միևնույն ժամանակ, Երևանը հույսեր է կապում, որ իրեն կհաջողվի Արևմուտքի օգնությամբ հասնել Բաքվի համաձայնությանը Ադրբեջանի իշխանությունների և նրա ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայերի միջև «երկխոսության միջազգային մեխանիզմ» ձևավորելու հարցում: Ինչպես տեսնում ենք, նոր նրբերանգներ են մտցվում իրավիճակի մեջ, բայց միայն բանավոր հայտարարությունների մակարդակով, որոնք տորպեդահարում են խաղաղության պայմանագրի գաղափարն իր նախկին տարբերակով, ինչն էլ տեղի է ունեցել Մոսկվայում։

Մեր կարծիքով, հետագայում իրադարձությունները կարող են զարգանալ բոլորովին այլ հունով։ Չի կարելի բացառել որոշակի պայմաններում և հանգամանքներում, բանակցային բոլոր հարթակներում ձախողման դեպքում կսկսվի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գործընթացը։ Նրա մանդատը դեռ չի մերժվել։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ օրակարգում նախկինի պես ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, հանրաքվեի անցկացումը, անվտանգության հարցերը, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային միջանցքը: Այս ձևաչափով կարող է պատրաստվել նաև խաղաղության պայմանագրի նոր տեքստ, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն ինքնին միջազգայնացվի։ Իսկ առայժմ քարշակող բանակցային գործընթացը վերսկսել առանց արտաքին լրացուցիչ դրամայի ոչ մեկին չի հաջողվում։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը