Քաղաքական

27.05.2023 08:52


Ո՞վ ամենաշատը խայտառակվեց Մոսկվայում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Ո՞վ ամենաշատը խայտառակվեց Մոսկվայում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցան հանդիպումներ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։ Ով ինչ հասկացավ էդ հանդիպումից, ինքը գիտի․ մի մասն ասում է (իշխանությանն ամեն ինչում աջակցողների մասին է խոսքը)՝ տեսա՞ք Նիկոլը ինչ դուխ արեց բանավեճի մեջ մտավ, մի մասը ամաչում է բանավեճի խայտառակ բնույթից, մեծ մասը դժգոհ էր, որ ևս մեկ անգամ, արդեն այլ երկրների ղեկավարների ներկայությամբ, ազատ, ինքնիշխան Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Կային նաև մարդիկ, որոնք ամաչում էին, որ Փաշինյանը հերթական անգամ պախարակեց ռուսաց լեզուն։ Ի դեպ, սա բոլորովին մակերեսային հարց չէ․ եթե պետություն ես ներկայացնում ու փայլուն չես տիրապետում այն լեզվին, որով խոսում ես, բարի եղիր, խոսիր քո լեզվով, թարգմանչով․ որովհետև էդ սեղանի շուրջ նստած բոլոր ղեկավարների լեզվամտածողությունն է ռուսերեն, ու դու ծաղրի առարկա ես դառնում․ էլ չեմ ասում, որ քո հանձնումների, բանակցություններում պարտվելու պատճառներից կարող է լինել հենց լեզուն չիմանալը․ դու ընտրում ես պարզ բառեր ու նախադասություններ և լավ չես հասկանում, երբ հետդ բանակցողը կազմում է բարդ ստորադասական նախադասություն, այն էլ՝ երկբաղադրիչ։

Նախ ԵՏՄ նիստի մասին․ առաջին անգամ մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը՝ որպես հրավիրյալ։ Երեկվանից ասում են՝ Ռուսաստանը բերում է Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնի։ Տնտեսական գոտի է, տնտեսական շահեր ունեն՝ բերում են․ բայց՝ ԵՏՄ ոչ անդամ որևէ երկիր էդ նիստին մասնակցելու հնարավորություն ունի միայն բոլոր կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը ինչ՞ է համաձայնել, որ Ադրբեջանը մանակցի։ Սահմանները իբր արդեն բացել ես, գերիներիդ բերել ես, պատերազմի հետևանքները վերացրել ես, հիմա էլ մտնում ես նույն տնտեսական տարա՞ծք։ Այս շտապողականությունը առնվազն անհասկանալի է։ Էդ կառույցում փաստացի էս պահի դրությամբ Հայաստանը մեկ դաշնակից ունի՝ Ռուսաստանը, իսկ Ադրբեջանը առնվազն էնտեղ ունի Ղազասխստան, Բելառուս, Ռուսաստան։ Ինչի՞ Նիկոլ Փաշինյանը դեմ չի եղել Ադրբեջանի մասնակցությանը։

Իսկ դուք գո՞հ եք Հայաստանի ներկայացուցչի պահվածքից։ Ալիևը հայտարարում է, որ քանի որ Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուրեմն խաղաղության պայմանագիրն ավելի հեշտ կստանան․ որովհետև, ասում է, մեր խնդիրն այն էր, որ այս հարցի շուրջ համաձայնություն չկար։ Ես մտածում էի, որ Նիկոլը, ինչպես Հայաստանում է ասում, նույնը կկրկներ Մոսկվայում, կասեր ոչ, Իլհամ Հեյդարովիչ, Արցախը ես չեմ ճանաչել Ադրբեջանի մաս, ճանաչել է Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանից հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, ես ուղղակի հանձնում եմ․ բայց այդպես չասաց․ որովհետև էդ սեղանի շուրջ նստածներից առնվազն երկուսը՝ Ալիևն ու Պուտինը, տասնյակ տարիներ բանակցությունների են մասնակցել ու Նիկոլից հազար անգամ ավելի լավ գիտեն ինչ է տեղի ունեցել, ում ժամանակ ոնց է եղել։ Պուտինն ինքն էլ է ասում՝ դե որ ճանաչում ես Ադրբեջանի մաս, ուրեմն ավելի հեշտ լուծելու են մյուս հարցերը, բայց իմացիր, որ Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխել, նաև Լաչինի միջանցքի մասով, ինչ կարծիք ունեինք, դա մնում է, եթե տեսակետ է փոխվել, ապա դա Հայաստանի տեսակետն է։ Ուղիղ նշվում է, որ պատասխանատուն դու ես, Նիկոլ Փաշինյան, դու ես հանձնում։ Ու էսքանից հետո, Ղարաբաղը որպես Ադրբեջան ճանաչելուց հետո երբ Նիկոլը խոսում է Լաչինի միջանցքը փակելու մասին, ստանում է պատասխան Ալիևի կողմից՝ դու Ղարաբաղն ինձ ես տվել, ես էլ իմ տարածքում անցակետ եմ դրել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ևս երեկ ելույթ է ունենում ու նախագահական ընտրություններում իրենց մրցակցին սաստում է, թե՝ ինչի՞ ես տրանսպորտային միջանցքի մասին խոսելիս Ադրբեջանը շրջանցում, Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմ, արդեն Զանգեզուրի միջանցք ենք բացում։ Մոսկվայում կատարվեց հետևյալը․ Նիկոլը արդեն որերորդ անգամ Ղարաբաղը տալու պատրաստակամություն հայտնեց ու չեմ ու չում արեց ընդամենը Զանգեզուրի միջանցք բառակապակության շուրջ։ Ու ստացվեց այնպես, որ ինչ ուզում են՝ բացելու են․ ուղղակի խնդիրը տերմինաբանությունն է․ ինչ որ պայմանավորվել են, կբացեն, դրա անունը Նիկոլը կդնի հայկական միջանցք, Ադրբեջանը դա կձևակերպի Զանգեզուրի մջանցք։ Կանեն նույն բանը, բայց էստեղ ժողովրդին Նիկոլը կհանգստացնի, թե՝ տեսեք, ժողովուրդ, ես միջանցք չտվեցի։

Շեշտեմ, որ ո՛չ ԵՏՄ նիստում, ո՛չ հետագա հանդիպումների ժամանակ գերիների թեմայի մասին ոչ մի բառ չի ասվում, Հայաստանից 150 քառակուսի կիլոմետր օկուպացնելու մասին ևս ոչինչ չի ասում։ Օկուպացնելու հետ էլ են հաշտվել, մոռացության տվել, իսկ գերիների մասին էլ արդեն վաղուց ասել են՝ գերիները իրենց համար չկան, գոյություն չունեն։

Ամենացավալին, նվաստացուցիչը, սարսափելին այն էր, որ Նիկոլը Ալիևից իր ասելով՝ կադաստրի թուղթ էր խնդրում։ Սրանք էնպիսի խնդիր սարքեցին Հայաստանի գլխին, որ ժողովուրդն արդեն Արցախի մասին չի էլ մտածում ու սրտատրոփ սպասում է, որ Ալիևը մեր սահմանները գծի ու մի հատ էլ նոտարով վավերացված տեղեկանք տա, որ առեք գնացեք ապրեք էդ տարածքում։ Մենք՝ մի քանի հազար տարվա երկիր ու ժողովուրդ, Ադրբեջանը ընդամենը երեկ առաջացված կասկածելի ինչ-որ քոչվոր միավոր, ու իրենք պետք է մեր ինքնիշխանությունը ու մեր Հայրենիքը մերը ճանաչե՞ն, էս ու՞ր հասցրեցիք մեզ բոլորից, ձեր ծառայամիտ ու գավառական մտածողությամբ։ Միջազգայնորեն ճանաչված անկախ Հայաստան պետության ղեկավարը Հայաստանը ճանաչելու խնդիր է բարձրացնում։ Վրաստանը կորցրել է Հարավային Օսիան, Աբխազիան, բայց չի համակերպվում, ասում է՝ չեմ հաշտվում այդ կորստի հետ, հետ եմ բերելու, Հյուսիսային Կիպրոսի վրա թուրքական իշխանությունը չի ճանաչվել, Ուկրաինան չի ասում ճանաչում եմ Ռուսաստանի իշխանությունը Դոմբասի վրա, Բախմուտի վրա, բայց Հայաստանը խելոք-խելոք ճանաչում է Ադրբեջանի իշխանությունը պատմականորեն և փաստացի հայկական Արցախի վրա, ընդ որում, շեշտեմ, այն տարածքների վրա, որտեղ պատերազմ չի էլ գնում, ավերակված չէ, հայերն էլ ապրում են իրենց տներում, հայկական անձնագրերով։ Լիքը պետություններ ունեն իրար հետ տարածքային վեճ՝ Սիրիան ու Իսրայելը, Հնդկաստանն ու Պակիստանը, Ռուսաստանն ու Ճապոնիան ու ոչ մեկը չի մտածում կադաստրի տեղեկանքի մասին, որովհետև եթե դրանցից մեկի մտքով անցնի տենց միտք ասել, բոլորը կխնդան վրան, իսկ իր քաղաքական ուժը, ով առաջադրել է ղեկավարի պոստին, ինքը կհանի ու գիտե՞ք ինչ կանի․․․ Գիտեք։ Բայց մեզ մոտ կարծես նորմալ է, որովհետև ուսապարկեր են հավաքված շուրջը։ Որ ձևաչափով էլ նայում ես, Փաշինյանի խոսքերը տրամաբանությունից դուրս են։ Չլսված բան է պատմության մեջ, Հայաստանն ուղղակի տարածք է նվիրում։ Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցում, թե՝ այսինչ տարածքը, հողը այսինչ թվին վաճառվել է շուկայականից էժան գնով, կոռուպցիա է, չթուլատրելի տարածք են ծախել և այլն, բայց մի քանի հազար քառակուսի կիլոմետր ազատագրած Հայրենիքը, պարզապես հանձնում է, դատախազն անելու բան չունի՞, ազգային անվտանգությունը անելու բան չունի՞, բա էլ ո՞ր դեպքերում է պահվում անվտանգությունը, եթե ոչ Սահմանադրությամբ ամրագրված, օրենքներով, հռչակագրերով ֆիքսված, որ Արցախի երաշխավորն ենք, այդտեղ ապրող ժողովրդի անվտանգության պահապանն ենք։ Կամ էլ, եթե դա չեք պահում, գոնե անուններներդ փոխեք, սարքեք Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայություն․ էդքանն եք հաջողությամբ անում։ Պահում ու պահպանում եք մեկին, որը հայ ժողովրդի ամբողջ նվաճածը ոչ միայն չի պահում, չնայած որ պարտավոր է, այլ ասում է՝ տա-լի-սեմ, գնացեք վայելեք․․․ Ժողովրդին էլ հետն եմ տալիս, ինչ ուզում եք հետն արեք։

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը տևել է շատ կարճ, ընդամենը 20 րոպե․ այսինքն, հիմնականում պայմանավորվել են․ դե եթե Ղարաբաղը հանձնել է, տակը մնում է ճանապարհի բացումը, դա արդեն փոխվարչապետները եկող շաբաթ կքննարկեն․ մնում է քննարկեն ով է սահմանային հսկողությունը անելու, բեռները ոնց են տեղափոխելու, ադրբեջանական երկաթուղով ոնց եք գնալու Ռուսաստան և այլն։ Խոշոր հաշվով, մնում են դետալներ, որից հետո կգնա, կստորագրի, հետո կգա փշրանքները ժողովրդի վրա թանկով ծախելու պրոցեսը։

Կարճ ասած՝ մենք ընկել ենք բառերի հետևից, տերմինների հետևից, Նիկոլի ասածների մեջ կեղծիք ենք գտնում, հրապարակում, բայց զուգահեռ նա հանձնում է։ Կարծես մեր ափսոսը չի գալիս մեր դրախտային երկրի վրա։ Ուղղակի դժվարանում եմ պատկերացնել ինչ կլինի մեր երկրի հետ, մեզ հետ, եթե սա մնա։

Սևակ Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը