Քաղաքական

26.05.2023 21:55


Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը օրակարգում ներառված չէ

Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը օրակարգում ներառված չէ

Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը օրակարգում ներառված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,-նշեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Նշենք, որ հունիսի 1-ին գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը և Ալիևը Քիշնևում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը կարող են հունիսի 1-ին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր։

«Մենք հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի: Սա պատմական պահ է, որը չպետք է բաց թողնել»,-ասել էր Աբդուլաևան։

Այս խորագրի վերջին նյութերը