Մեկնաբանություն

27.05.2023 10:00


Նիկոլ Փաշինյանի բարձրաստիճան «Վանգան»

Նիկոլ Փաշինյանի բարձրաստիճան «Վանգան»

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց պարզում է, որ Հայաստանը ոչ միայն դեռևս նախագահ ունի ու դա դեռևս Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանն է, այլև նա մեկնել է Քաթար, եթե կուզեք՝ Կատար, որտեղ անգամ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Տեղով մեկ՝ սենսացիա է: Բայց, երևի դա քիչ համարելով, Վահագն Խաչատուրյանը որոշել է նաև «փայլատակել»: Ու դա նրա մոտ ստացվել է: Հարկատուների հաշվին ՀՀ թիվ 1 զբոսաշրջիկը, որ համատեղության կարգով ՀՀ նախագահի պաշտոնն է զբաղեցնում, պարզվում է, երաժշտական ունակություններից բացի, հետին թվով էքստրասենս է: Հաշվի առնելով, որ նրա հիմնական գործառույթը ամիսը մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնապես հանդիպելն ու փաշինյանական քարոզչության հիմնական թեզերն անգիր արտասանելն է, Վահագն Խաչատուրյանին կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի բարձրաստիճան «Վանգան»:

Դե ինչպես կարող էր որևէ սովորական անձնավորություն, առանց էքստրասենսորային ունակությունների, ասել, որ... 2020-ի 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները կանխատեսելի էին դեռևս 1990-91 թվականներին և, ուշադրությո՛ւն. «...երբ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով»:

Չէ, հասկանո՞ւմ եք, պարզվում է, այդ «մե՛նք սկսեցինք» պատերազմը: Ադրբեջանը չսկսեց, այլ, պարզվում է՝ «մենք»: Ադրբեջանը չէր նախահարձակ եղել, որ կոտորի Արցախի ինքնորոշված հայությանը:

Սա, կներեք, ավելին է, քան երեսպաշտությունն ու կեղծիքը: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն անհերքելի իրողությունը, որ Վահագն Խաչատուրյանը այդ 1990-91 թվականներին, երբ դեռ Վահագն Խաչատրյան էր, իշխանության եկած ՀՀՇ-ի հետ էր: Պարզ ասած՝ Վահագն Խաչատուրյանը լավ «մարինացված» նախկին է, տո՝ նախկինից էլ՝ նախկին:

Այնքան նախկին, որ հիշատակված 90-ականներին հասցրել է նաև Երևանի քաղաքային իշխանության ղեկավարը լինել՝ Երքաղգործկոմի նախագահ, ժամանակակից բառամթերքով ասած՝ քաղաքապետ: Այսինքն՝ պատահական մեկը չէր, էլի, 1990-ականների իշխանական ճամբարում: Բա, այ «պայծառատես», մի անգամ ելնեիր, օրինակ, 1993-ին քաղաքապետարանի պատշգամբից դիմեիր Գրիգոր Լուսավորիչ (նախկին՝ Կարմիր բանակի) փողոցում հավաքված հայրենակիցներիդ, թե՝ մի՛ պատերազմեք, մի՛ պաշտպանվեք, անձնատուր եղեք Ադրբեջանին, որովհետև... 2020 թվի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն է լինելու ՀՀ վարչապետ ու Հայաստանը տանելու է պարտության և կապիտուլյացիայի, Արցախն էլ հանձնելու է թշնամուն:

Մեկնումեկը հիշո՞ւմ է, որ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքային իշխանության գլուխ եղած ժամանակ, արդեն բորբոքված ու ծանր կորուստներով, զոհողություններով ընթացող պատերազմի ժամանակ ելներ ու նման մի բան հայտարարեր: Օրինակ, դիմեր Մոնթեին:

Չէ, ավելի հետաքրքիր. օրինակ, կանգներ ու Վազգեն Սարգսյանին ասեր՝ Վազգեն, իզուր ես չարչարվում, կյանքդ դնում, մենք հաղթելու տարբերակ չունենք, եկեք հանձնվենք թուրքի ողորմածությանը...

Շատ ու շատ ափսոս, որ Վահագն Խաչատուրյանը դեռևս 1993-ին կամ թեկուզ 1994-ին իր ներկայացրած նույն քաղաքական թիմի անդամներից Վազգեն Սարգսյանին չի ասել այն, ինչ նախօրեին արտասանում էր Քաթարում, տեղի հայերի հետ հանդիպման ժամանակ: Իրոք, ափսոս, որ չի ասել: Որովհետև, եթե ասեր, ապա չգիտեմ, թե հետո ինչն ինչպե՞ս կլիներ (իր չափ պայծառատեսություն չունենք), բայց որ Վահագն Խաչատուրյանը 2023-ին նախագահ լինելու տարբերակ չէր ունենա, կարող եք չկասկածել:

Սրանց քաղաքական հավատամքը, եթե կուզեք՝ կրեդոն, ծայրահեղ ցինիզմն է:

Այն, որ Վահագն Խաչատուրյանի նման մեկը կոչվում է ՀՀ նախագահ և սահմանադրորեն համարվում է պետության գլուխ, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ազգային արժանապատվության նսեմացում և անձնական աններելի վիրավորանք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը