Քաղաքական

24.05.2023 16:08


«Պետք է հասկանալ խոսքով մանիպուլյացիա անելու ողջ վտանգը». Զախարովան՝ ի պատասխան Փաշինյանի (տեսանյութ)

«Պետք է հասկանալ խոսքով մանիպուլյացիա անելու ողջ վտանգը». Զախարովան՝ ի պատասխան Փաշինյանի (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ կոչ անելով հասկանալ խոսքով մանիպուլյացիա անելու ողջ վտանգը։

Ճեպազրույցում Զախարովան պատասխանել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «եթե Հայաստանը դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ Հայաստանն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»։

«Եթե դա դարձվածք է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ խոսքով մանիպուլյացիա անելու ողջ վտանգը։ Թե ինչպես ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից, այնքան էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը»,-ասել Է Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանում այնքան էլ չեն հասկանում, թե ինչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

***

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

«Նախևառաջ պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի վերաբերյալ նման հայտարարությունը Հայաստանի և նրա ժողովրդի բացառիկ իրավունքն է: Երկրորդ՝ Ռուսաստանը միջնորդ է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, և այս առումով մեզ համար կարևոր է պետության ՝ տվյալ դեպքում՝ Հայաստանի հստակ դիրքորոշումն այս թեմայով: Սա պարզապես թեմա կամ հարց չէ, այլ երկար տարիներ տևած հակամարտություն... Ուստի առաջ շարժվելու համար, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասով, անհրաժեշտ է իմանալ պետության հստակ դիրքորոշումն այս հարցով»,-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն «Փաշինյանի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին հայտարարությունը դիտարկում է որպես 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա հիմնված Պրահայի հայտարարության հաստատում»:

«Այդ հռչակագրում նախկին ԽՍՀՄ պետությունների միջև եղած վարչական սահմանները ճանաչվում են որպես միջպետական: Բազմիցս նշել ենք, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը որակապես նոր շրջանակ է տվել Բաքու-Երևան բանակցություններին: Բայց նորից եմ կրկնում՝ Պարահայում կայացած բանակցությունների մասնակիցներն են Հայաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան և ԵՄ-ն»,-ասել է Զախարովան:

Միաժամանակ դիվանագետը նշել է, որ «Փաշինյանի հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել բուն Հայաստանում և Արցախի հայության շրջանում, բայց, դա, ըստ Զախարովայի, ներքաղաքական վեճերի հարցեր են»:

«Ինչ վերաբերում է բուն խաղաղության պայմանագրի նախագծին, ապա Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների վերջին փուլը նպաստեց կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը և մի շարք հարցերի շուրջ նրանց դիրքորոշումների մերձեցմանը»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը