Քաղաքական

23.05.2023 12:23


Որդուցս ինձ մնաց մի ոսկոր. Աննա՛, դու պետք է պատասխան տաս․ զոհվածի մայր

Որդուցս ինձ մնաց մի ոսկոր. Աննա՛, դու պետք է պատասխան տաս․ զոհվածի մայր

«Ժիրայրն առաջնեկս էր ու նվիրեցի հայրենիքին, ինձ տվեցին միայն մի ոսկոր, որից սարսափելի հոտ էր գալիս ու իմ ցավը սովորական չի։ Աննա Հակոբյանի ամուսին կոչվածը նրան համարում է հերոսածին մայր.... չեմ հասկանում, թե մեր վերքի վրա ինչո՞ւ են աղ լցնում»,-MediaHub.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Նա խորը ցավ է ապրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունից հետո։ Ասում է՝ որդու ձայնը դեռ ականջի մեջ է․

«Մամ ջան, ինձ մենակ մի թող՝ ասում էր Ժիրայրս։ Ինն ամիս փնտրելուց հետո գտա մինուճարիս։ Աբովյանի դիահերձարանում էր, գետնին շպրտած։ Մասունք են ասում, բայց չեն պատկերացնում՝ ինչ տանջանքով եմ երեխայիս մեծացրել։ Յոթը աղջիկ էլ ունեմ, բայց ցավս չի անցնում։ Սարսափում եմ, որ երեխաներս էլ անցնում են այս ամենի միջով»,-ասում է նա։

Նաիրա Մարգարյանն ասում է, որ չի պատրաստվում լռել ու թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանն անի հայտարարություններ, որոնք ցավ են պատճառում մայրերին․

«Ինքը հասկանում է, թե մայրը ինչ է զգում, երբ որդուն բանակ է ճանապարհում։ Հետո որդու փոխարեն ստանում է ոսկոր։ Աննա Հակոբյանը հերոս չի ծնել ու մեզ մի ծաղրեք։ Ես տղայիս մասունքի առաջ երդվել եմ, որ բոլորը պետք է պատասխան տան»։

Նաիրա Մարգարյանը նշում է․ «Թուրքի ականջին հաճո և ուղեղին հասու խաղաղասիրական կոչերի սիրահար Աննա Հակոբյան, ասում էիր՝ Աշոտիդ ասել ես, որ հայրենիքից վեր սեր չկա, հիմա էլ ասա, որ հերոս որդի տված մորից վեր սրբություն չկա։ Եթե Գայանեն պիտի պատասխան տա, ուրեմն նրա կողքի կամեռում էլ դու ու ամուսինդ պիտի նստեք 5 հազար բալեքի արյան համար։ Հայրենիքիս ամեն մի սմ կորստի համար, գերիների համար, որ մինչև հիմա թուրքի մոտ են... ձեր շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ համար»։

Ժիրայր Մարգարյանի մայրն ընդգծում է, որ չէր ուզի հերոսածին կոչվել, այլ կցանկանար, որ որդին կողքին լիներ․

«Իմ թագավորի մայրը լինելը իմ համար ամեն ինչ կլիներ։ Ես լավ որդի եմ դաստիարակել ու կարոտում եմ»։

Նշենք, որ Նաիրա Մարգարյանը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում, աղմկահարույց բացահայտումից հետո։ Նա պահանջում է, որ զոհվածների մասունքներն անարգողները պատժվեն։

Այս խորագրի վերջին նյութերը