Մեկնաբանություն

23.05.2023 10:20


Նիկոլ Փաշինյանն այլևս օրենքից դուրս է և պետք է հեռացվի իշխանությունից

Նիկոլ Փաշինյանն այլևս օրենքից դուրս է և պետք է հեռացվի իշխանությունից

«ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրող Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում պաշտոնապես վերահաստատեց ավելի վաղ արած հայտարարությունը, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության մեջ»: Պարզ ասած, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ անձամբ ինքն ու իր քպ-ական իշխանավորներից ամեն մեկը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենք Արցախը ճանաչում են ադրբեջանական, Ադրբեջանի մաս, ո՛չ հայկական:

Սա կոչվում է դավաճանություն և օրինազանցություն: Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը գործնականում խախտում են Հայաստանի ԳԽ որոշումը, որն արգելում է ՀՀ որևէ պաշտոնյայի՝ ընդունել որևէ փաստաթուղթ, որն արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:

Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն և իր իշխանությունը դո՛ւրս է դնում օրենքից: Այո՛, Նիկոլ Փաշինյանն այևս օրենքից դուրս է, նրա գլխավորած նեղ թիմը նմանապես՝ օրենքից դուրս է, նրա իշխանությունը անօրինական է, իսկ ինքը և իր «թիմը» ենթակա են իշխանությունից անհապաղ հեռացման, որին կհետևեն իրավաքաղաքական գործընթացներ:

Բոլոր քարտերը բացված են ու այլևս գործելու ժամանակն է ազգային բոլոր ուժերի, անհատների, կազմակերպությունների, շրջանակների, հասարակական ու մասնագիտական կազմակերպությունների համար:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսում արած հայտարարություններով, ըստ էության, տվեց համաժողովրդական ապստամբության, համատարած անհնազանդության ու փաշինյանական իշխանության ու նրա անխտիր բոլոր ներկայացուցիչներին բոյկոտի ենթարկելու գործողությունների ազդանշանը:

Պարզից էլ պարզ է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է պատրաստվում առաջիկայում ստորագրել իր սիրելի գործընկեր Ալիևի հետ: Նա ստորագրելու է Արցախի ուրացման, Արցախի հայությանը կոտորածի մատնելու թուղթ, նա ստորագրելու է Հայաստանի պետականության ոչնչացման, հայությանը հայրենազրկելու թուղթ:

Այլևս իրավական, քաղաքական, բարոյական, առհասարակ, որևէ այլ առումով Նիկոլ Փաշինյանի գլխավորած խումբը չի՛ կարող համարվել ՀՀ իշխանություն:

Ավելին, և սա առաջին հերթին վերաբերվում է ոստիկանական և Փաշինյանի հակահայկական վարչախմբին սպասարկող ուժային մյուս կառույցների՝ դեռևս ազգային ու մարդկային պատկանելության նշույլներ պահպանած ծառայողներին, Նիկոլ Փաշինյանի հրամաններն ապօրինի են, նրա հրամանների կատարումը, հատկապես՝ ժողովրդին ճնշելու նպատակ հետապնդող քայլերը հանցագործություն են, որոնց դիմողներն իշխանափոխությունից հետո կարող են ենթարկվել շատ ավելի խիստ պատժի, քան անգամ Նիկոլ Փաշինյանն ու իր գործակիցները:

Կրկնում ենք՝ Նիկոլ Փաշինյանն այլևս, իր եղած-չեղածով, օրենքից դուրս է:

Հայաստանը չի կարող ու չպետք է ունենա նման իշխանություն: Հայությանը պետք չէ նման իշխանություն, որը Արցախը ճանաչում է ադրբեջանական «տարածքային ամբողջականություն»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը