Քաղաքական

20.05.2023 12:30


«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի»․ հանրահավաք և երթ Կոռնիձորում (տեսանյութ)

«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի»․ հանրահավաք և երթ Կոռնիձորում (տեսանյութ)

Կոռնիձորում 2023 թ. մայիսի 20-ին կայացած հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որը տարածվել է 4 լեզուներով, հայերենի բացի, նաև ռուսերենով, անգլերենով ու ադրբեջաներենով։ Հայտարարության մեջ ասվում է․

«Մենք՝ Արցախի և արցախահայության զորակցության հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ՝

•հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները և բեկում մտցնելու վիճակի մեջ.

•հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար.

•Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի.

•Արցախի ինքնիշխանության և արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումը և գործադրումը Հայաստանի և Արցախի իշխանությունների պարտավորությունն է.

•Հայաստանի որևէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռչակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են.

•Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում.

•Իրական և երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը.

•Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել և պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.

•Որպես արժանապատիվ և հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք և ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։

Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։

Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը