Մեկնաբանություն

19.05.2023 18:25


«Հայկական» կոկայինի մեջ թուրքական հե՞տք կա

«Հայկական» կոկայինի մեջ թուրքական հե՞տք կա

Մինչ Նիկոլ Փաշինյանն իր ժանդարմառեպրեսիվ օրգանների միջոցով հաշվեհարդարի է ելել Հայրենիքի պաշտպանության համար իր իսկ մեղքով զոհված տղաների ծնողների ու հարազատների դեմ, «կոկայինային սկանդալը» շարունակում է թափ հավաքել:

Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու այն ողջամիտ կասկածները, որ Հայաստան տոննաներով կոկայինի խմբաքանակներ ուղարկելու մեջ, հնարավոր է, ներքաշված են փաշինյանական իշխանության ներկայացուցիչներ կամ այդ իշխանությանը հարող ինչ-ինչ «յուղոտ-փողոտ» շրջանակներ: Այս ամենը դեռ քննելու ժամանակներն էլ կարծես՝ շատ հեռու չեն: Մյուս կողմից, իրականությունը շարունակում է նորանոր մանրամասնություններ հրամցնել:

Այսպես. նախօրեին հոլանդական Ռոտերդամ նավահանգստում համապատասխան ծառայությունները հայտնաբերել ու առգրավել են ավելի քան 1 տոննա կոկային: Նշվում է, որ կոնտեյները, որի մեջ հայտնաբերվել է թմրանյութի այդ մեծ խմբաքանակը, Հոլանդիա էր ուղարկվել Թուրքիայից: Փորձագետները նկատում են, որ Թուրքիան վերածվել է հարավամերիկյան կոկայինի վերաարտահանման համաշխարհային կենտրոնի, ինչն էլ, իր հերթին Եվրոպայի երկրներում հանգեցրել է կոկայինի պահանջարկի նկատելի աճի: Նշվում է նաև, որ Էրդողանի իշխանության շրջանում կոկայինի առևտրի ծավալները Թուրքիայում ու Թուրքիայի միջոցով աճել են այդ երկրում տիրող համատարած կոռուպցիայի հետևանքով ևս: Չնայած, դժվար չէ ենթադրել, որ թուրքական իշխանություններն ուղղակիորեն «նստած» են կոկայինի վրա:

Այս ամենը, ինչ խոսք չափազանց հետաքրքիր է: Անասելի հետաքրքիր: Իսկ հնարավո՞ր է, որ Էկվադորից Հայաստան ուղարկվող ու Իտալիայում հայտնաբերված 2,7 տոննա, ինչպես նաև Հայաստանում հայտնաբերված 1 տոննա կոկայինի խմբաքանակները ևս թուրքական հետք ունենան: Սկզբունքորեն, միանգամայն հնարավոր է: Մանավանդ, եթե նկատի ունենանք Հայաստանի ներկայիս այսպես կոչված՝ իշխանության առաջին դեմքերի ջերմ ու սիրալիր հարաբերությունները Թուրքիայի իշխանությունների, Էրդողանի ռեժիմի ներկայացուցիչների հետ: Նկատենք, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմի և Էրդողանի ռեժիմի ներկայացուցիչներն ուղղակի առիթը չեն կորցնում միմյանց հետ շփվելու, հաղորդակցվելու, հանդիպումներ ունենալու համար:

Մի՞թե կարելի է բացառել, որ Թուրքիայի նարկոբարոնները, որոնք, կարելի է չկասկածել, փոխկապակցված են թուրքական իշխանությունների հետ, որոշել են պարզապես կոկայինի ու առհասարակ թմրանյութերի տակ «թաղել» Հայաստանը: Ըստ որում՝ թաղել, նաև առանց չակերտների: Մի՞թե պարզ չէ, որ եթե հիշատակված խմբաքանակների կեսի-կեսի կեսն էլ Հայաստանում շրջանառության մեջ դրվեր, հատկապես երիտասարդության շրջանում, ապա ոչ միայն զենք բռնելու ունակ մարդ չէր մնա, այլև վերարտադրական կարողություններին ուժգին հարված կհասցվեր:

Այնպես որ, ոչինչ չի կարելի բացառել:

Մյուս կողմից արդեն շատ ավելի են խորանում կասկածները, թե այդ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի օլիգարխներն այդքան երազում Թուրքիայի հետ առևտուր անելու մասին: Այդ ի՞նչն է նրանց այդպես հրապուրում Թուրքայի հետ առուտուր անելու հարցում: Կարո՞ղ է «էժան բանանի» տեղ են գտել թուրքական նավահանգիստներում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը