Մեկնաբանություն

18.05.2023 22:20


Լավ, որտեղի՞ց «խեղճ Նիկոլի» իշխանության պայմաններում 1 միլիարդ և ավելի եվրո

Լավ, որտեղի՞ց «խեղճ Նիկոլի» իշխանության պայմաններում 1 միլիարդ և ավելի եվրո

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանական «թավշափողոցայինների» խումբն ամեն ինչ և դեռ մի բան էլ ավելին է արել ցույց տալու համար, որ գործում է Հայաստանի ու հայության շահերի դեմ, նրանց կարծես թե կործանելու է… ամենասովորական կոկայինը: Թեպետ, կներեք, կոկայինն իրականում այնքան էլ «սովորական» չէ: Նախ, այն հայտնաբերած իտալական փորձագետները նշել են, որ ապօրինի բեռն առավել քան բարձրորակ է, իսկ բացի այդ…

Չէ, դուք միայն պատկերացրեք. Իտալիայում հայտնաբերվել է Էկվադորից Հայաստան ուղարկվող ավելի քան 2,7 տոննա մաքրամաքուր կոկայինի խմբաքանակ: Դրանից անմիջապես հետո, երբ խայտառակությունը ջրի երես ելավ, Փաշինյանի ԱԱԾ-ն ուղղակի ստիպված էր հայտարարել, որ մի քանի օր դրանից առաջ (իբր թե, էլի) իրենք էլ 1 տոննա կոկայինի խմբաքանակ են հայտնաբերել:

Այստեղ վերապահման կարիք կա, քանզի Հայաստանի որևէ պետական հաստատության, առավել ևս՝ ԱԱԾ-ի հայտարարություն ու նշած փաստական տվյալներ բացարձակապես անվստահելի են: Բայց եթե անգամ հալած լուղի տեղ ընդունենք ԱԱԾ հայտարարած 1 տոննան (ի՞նչ իմանաս, որ ավելի շատ չի եղել կամ ո՞վ է վստահ, որ դրա մի մասը «տակով չեն արել»), ապա դա արդեն հասնում է ավելի քան 3,7 տոննայի՝ Իտալիայում հայտնաբերվածի հետ:

Իսկ այդ՝ միայն հայտնաբերված խմբաքանակների «համախառն» սևշուկայական արժեքը տալիս-անցնում է 1 միլիարդ եվրոն: Մեկ միլիարդ (1.000.000.000) եվրո: Բերանո՞վ եք ասում:

Պա՞րզ է, չէ՞, որ ՀՀ «միջին վիճակագրական» քաղաքացու գրպանում 1 միլիարդ եվրո դրված չէ: Անգամ մի քանի հարյուր հազար «միջին վիճակագրական» ՀՀ քաղաքացիների համախառն գրպաններում, տո նույնիսկ բանկային հաշվեհամարներում 1 միլիարդ եվրո հազիվ թե գտնվի: Նման գումարներ սովորաբար ունենում են և ունեն այսպես կոչված իշխանավորներն ու նրանց մերձեցված օլիգարխները, պետական բյուջեի վրա «նստածները»:

Իսկ որտեղի՞ց «խեղճ Նիկոլին» կամ նրա իշխանության պայմաններում որևէ իշխանամերձ շրջանակի նման աստղաբաշխական գումարներ:

Որտեղի՞ց, հարցնում եք:

Իսկ մի՞թե պարզ չէ՝ թալանից, կոռուպցիայից, այդ թվում՝ պետական բյուջեի թալանից:

Շարունակե՞նք: Իսկ կներեք, ո՞ւր են, օրինակ, կենսաթոշակային կուտակային գումարները, ո՞ւր են «Հայաստան» հիմնադրամին պատերազմի ընթացքում համայն հայության հանգանակած 100 միլիոն դոլարը: Առհասարակ, այն միլիարդանոց պարգևավճարները, որ մատակարարվում են, օրինակ, ոստիկանությանը, արդյոք դրանց մի մասը «ատկատ չի՞ արվում» պարգևավճարողներին:

Որտեղի՞ց, կրկնենք, պատերազմական աղետի ենթարկված երկրում ավելի քան 1 միլիարդ եվրո, որ նույնիսկ աշխարհի մասշտաբով կոկայինի նման ռեկորդային խմբաքանակ է պատվիրվում՝ Հայաստան ներկրելու համար:

Առհասարակ, որտեղի՞ց են գոյանում Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավորների, նրա քաղաքական շրջապատի խոշոր գումարները, որոնցով նրանք դարձել ու դառնում են գերթանկարժեք ավտոմեքենաների, շքեղաշուք ու ոչ պակաս գերթանկարժեք առանձնատների ու բնակարանների սեփականատերեր, ամերիկաներում ու չգիտես, թե էլ որտեղ անշարժ գույքի խոշոր գնում են անում, բրենդային «բուծիկներից» դուրս չեն գալիս: Որտեղի՞ց սրանց այդքան գումարներ, որոնցով մեդիա ծախսեր են անում՝ պահում բազմաթիվ կեղտաքարոզչական ռեսուրսներ:

Այ, այսպես է Նիկոլ Փաշինյանը «պայքարում» թալանի ու կոռուպցիայի դեմ: Այ, այսպես է Նիկոլ Փաշինյանը «ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը»: Այնպես է «ջարդել», որ նրա կառավարման 5-րդ տարվա մեջ աշխարհով մեկ խայտառակվում է Հայաստանը՝ բացահայտվելով որպես թմրանյութերի շրջանառման միջազգային հանգուցակետ (առնվազն):

Շատ կզարմանա՞ք, վաղը, մյուս օրը, մի խոսքով՝ իշխանափոխությունից հետո, եթե պարզվի, որ հազարավոր երիտասարդների արյան մեջ թաթախված սրանց ձեռքերը նաև, պատկերավոր ասած՝ կոկայինոտ են:

Զգուշորեն ծափ տվե՛ք, փոշի է ելնում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը