Լրահոս

11.10.2011 00:35


2011թ. Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

2011թ. Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Երկուշաբթի հայտնի դարձան Նոբելյան մրցանակի 2011թ. բոլոր դափնեկիրները: Ինչպես արդեն հայտնվել էր, ֆիզիկայի գծով 2011թ. Նոբելյան մրցանակը շնորհվելու է Սոլ Պերլմուտերին (ԱՄՆ)՝ մի կողմից և Բրայան Շմիդտին (Ավստրալիա) ու Ադամ Ռիսին (ԱՄՆ)՝ մյուս կողմից: Մրցանակի են արժանացել նրանց կողմից հեռավոր Գերնորերի դիտումների միջոցով Տիեզերքի արագացող ընդարձակման հայտնաբերման ուղղությամբ կատարած աշխատանքները: Քիմիայի գծով Նոբելյան մրցանակի է արժանացել Դեն Շեխտմանը (ԱՄՆ)` քվազիբյուրեղների հայտնաբերման համար: Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակը կիսվելու է Բրյուս Բյոտլերի (ԱՄՆ) և Ժյուլ Հոֆմանի (Ֆրանսիա)` մի կողմից և Ռալֆ Ստեյնմանի (ԱՄՆ)`մյուս կողմից, միջև: Առաջինները մրցանակի են արժանացել բնածին իմունիտետի ակտիվացման վերաբերյալ հայտնագործությունների, իսկ Ստեյնմանը (ով մահացավ մրցանակ ստանալու հայտարարումից 3 օր անց)` դենդրիկ բջջի և ադապտիվ իմունիտետի մեջ նրա դերի հայտաբերման համար: Գրականության Նոբելյան մրցանակի է արժանացել Թոմաս Տրանստրյոմերը (Շվեդիա)` “իր խտացված և կիսաթափանցիկ կերպարներով դեպի իրականություն մարդկությանը թարմ հայացք տրամադրելու համար”: 2011թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվելու է երեք կանանց` Էլեն Ջոնսոն Սիրլիֆին (Լիբերիա), Լեյմա Գբովիին (Լիբերիա) և Թավաքուլ Կարմանին (Եմեն)` հանուն կանանց անվտանգության ու իրավունքների և խաղաղասեր աշխատանքներին լիիրավ մասնակցության նրանց պայքարի համար: Տնտեսագիտության ոլորտի 2011թ. մրցանակը կստանան Թոմաս Սարջենտը (ԱՄՆ) և Քրիստոֆեր Սիմսը (ԱՄՆ)` մակրոէկոնոմիկայի մեջ պատճառահետևանքային կապի փորձնական հետազոտության համար: Հիշեցնենք, որ 1901 թվականից սկսած տարեկան ամենահեղինակավոր՝ Նոբելյան մրցանակ է շնորհվում ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության, գրականության և խաղաղության հինգ անվանակարգերում, իսկ 1969 թվից սկսած շնորհվում է նաև Շվեդիայի պետական բանկի կողմից սահմանված Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության ոլորտի մրցանակ:

Այս խորագրի վերջին նյութերը