Քաղաքական

16.05.2023 17:51


Երբ իշխանություններն ընդունել են, որ Լաչինը Ադրբեջանի մաս է, ռուսները պիտի գնային պատերազմեի՞ն․ քաղաքագետ

Երբ իշխանություններն ընդունել են, որ Լաչինը Ադրբեջանի մաս է, ռուսները պիտի գնային պատերազմեի՞ն․ քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը վստահ է, որ բրյուսելյան կիրակնօրյա հանդիպումից հետո, որի ժամանակ, ըստ Միշելի, Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, պաշտոնական Մոսկվան շատ շուտով համարժեք պատասխան կհնչեցնի։

«Այսօր կամ վաղը տեղի կունենա Մարիա Զախարովայի ամենշաբաթյա մամուլի ասուլիսը, եւ ես վստահ եմ, որ նա կմեկնաբանի թե՛ բրյուսելյան հանդիպումն ու դրա արդյունքները, թե՛ վերջերս պաշտոնյաների կողմից արված խնդրահարույց հայտարարությունները՝ ռուսական կողմի վերաբերյալ»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետը տարօրինակ է համարում հայաստանյան հասարակության արձագանքը՝ բրյուսելյան հանդիպումից հետո, որի ժամանակ, ըստ էության, տեղի ունեցավ այն, ինչ տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ քառակողմ հանդիպման ժամանակ։ Ըստ Մաթեւոսյանի՝ տպավորութուն է, թե մեր հասարակությունը նատուրալիստական հասարակություն է՝ մինչեւ ֆիզիկապես չի տեսնում, չի արձագանքում, չի զարմանում։

«Անցած տարվա հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո արդեն պարզ էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, որից հետո փակվեց Լաչինի միջանցքը, անցակետ տեղադրվեց, ադրբեջանցիները փորձում են նաեւ Կաշենի հանքին տիրանալ։ Այս ամենից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է իր համար նոր հաջողություններ գրանցել՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Զարմանալի է, որ հասարակության, լրատվական դաշտի մոտ էլ կա այդ զարմանքը։ Նույն տրամաբանությամբ պետք է սպասենք, որ թուրքերը ցեղասպանություն գործեն, նոր հասկանանք, իրենց նպատակները որոնք են։ Բացենք Շուշիի հռչակագիրը, որով Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը, որպես առանձին միավոր, գոյություն չունի։ Շառլ Միշե՞լն էր, որ պետք է մեր աչքերը բացեր»,-նկատեց նա։

Ռուսական կողմը, ըստ քաղաքագետի, կարծում է, որ միակ հնարավոր լուծման տարբերակը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, եւ դրանից բխած երեք երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք ներկայացնում են խնդրի համապարփակ լուծում, որն իր մեջ ներառելու է եւ՛ Արցախի կարգավիճակը հետագային թողնելու հարցը, եւ՛ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, դելիմիտացիան եւ դեմարկացիան։

«Իրենք հենց այս շրջանակներում են տեսնում խնդրի կարգավորումը, այլ հարց է, որ Ադրբեջանն ու Հայաստանը 2020թ․-ի նոյեմբերի 10-ից հետո սաբոտաժի են ենթարկում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եւ եթե Ադրբեջանի տեսանկյունից դա տրամաբանական է, ապա պաշտոնական Երեւանի գործողույթյունների քայլերում բացառապես իշխանությունը պահելու շահն է»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ Ռուսաստանը դե ֆակտո չի կարողանում ապահովել, քաղաքագետը պատասխանեց, որ այդ հայտարարությունն, ըստ էության, առաջինը խախտել է հայկական կողմը։

«Ըստ այդ հայտարարության՝ զորքերը մնալու էին այնտեղ, որտեղ եղել էին պատերազմական գործողությունները դադարեցնելու պահին։ Ինչո՞ւ է հայկական կողմն էլ ավելի շատ տարածքներ զիջել, օրինակ այնպիսի տարածք, որը Հայաստան-Իրան միջպետական մայրուղու վրա է։ Բոլոր բանակցություններում Արցախի վերջնական կարգավիճակը եւ Լաչինի վերջնական կարգավիճակը նույնական են եղել։ Եթե Արցախը լիներ ճանաչված անկախ պետություն, Լաչինի միջանցքը լինելու էր դրա մաս։ Երբ գնում, Պրահայում ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը Արցախի նկատմամբ, դա ավտոմատ բերում է նրան, որ Լաչինի միջանցք արտահայտությունը դադարում է գոյութուն ունենալ։ Եթե հայկական կողմն ընդունել է, որ Լաչինի միջանցքը Ադրբեջանի մաս է, ռուսներն ի՞նչ պետք է անեին, գնային պատերազմեի՞ն»,-նշեց նա։

Լիա Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը