Քաղաքական

16.05.2023 09:49


Ի՞նչ մեդիա է հիմնադրել Վիկտոր Սողոմոնյանը․ «Փաստ»

Ի՞նչ մեդիա է հիմնադրել Վիկտոր Սողոմոնյանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ամիսներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի՝ արդեն նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատրաստվում է նոր մեդիա ռեսուրս ստեղծել: Մեզ տված հարցազրույցում Սողոմոնյանը հաստատել էր տեղեկությունը՝ խոստանալով, որ այն շուտով կգործարկվի։ Եվ ահա, ինչպես մայիսի 9-ին պարզվեց, խոսքը alphanews.am համահայկական կայքի մասին է։ Փաստացի, հայկական լրատվամիջոցներին ավելացավ ևս մեկը, սակայն գոնե առաջին օրերի նույնիսկ թռուցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս պարագայում, կարծես, թե՛ ուղղվածությունը, թե՛ կոնտենտը բոլորովին տարբերվող են։

Կայքի հիմնադիր, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցի մեկնարկային հարցազրույցում ասել է, որ «Ալֆանյուզը» խնդիր է դրել ներկայանալ միայն հայությանն առնչվող լրատվությամբ՝ սակայն ընդգրկելով ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև լայնորեն ներկայացնել Սփյուռքի մեր հայրենակիցների կյանքը և մոտեցումները։ Սողոմոնյանը նաև հայտարարել է, որ նախատեսում են կազմակերպել մասնագիտական բաց քննարկումներ, հանրայնացնել հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերը, դերը համաշխարհային պատմության մեջ և այլն։ Լրատվամիջոցի «թիրախը», կարծես, ակնհայտ, բայց և գործնականում չյուրացրած լսարանն է, քանի որ ազգությամբ հայերի թիվը ընդունված է համարել 10 մլնից ավելի, սակայն հայաստանյան լրատվադաշտից հաճախ ինչ-որ առումով դուրս է մնում սփյուռքահայությունը։

Այս առումով զգալի բաց կա նաև այն տեսակետից, որ շատ քիչ է հնչում Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը այս կամ այն թեմայի վերաբերյալ, բացառությամբ երևի թե դաշնակցական գործիչների հրապարակումների։Եվ, ըստ էության, եթե Սողոմոնյանին և գործընկերներին հաջողվի լիարժեք կյանքի կոչել Հայկական Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը կապի մեջ պահող նման նախաձեռնությունը, բավականին լուրջ դերակատարում կարող է ստանալ, և ոչ միայն լրատվադաշտում։ Հավելենք, որ, մեր դիտարկմամբ, անցած մեկ շաբաթվա ընթացքում լրատվամիջոցն արդեն երկու ուղիղ տեսակամուրջ է իրականացրել Երևանի, Մոսկվայի և Լոս Անջելեսի իր տաղավարներից՝ ունենալով ուշագրավ հյուրեր, ռեպորտաժներ, հարցախույզեր Հայաստանում և Սփյուռքում։ Իսկ լրահոսին հետևելով՝ հասկանում ենք, որ մեր գործընկերները սկզբունք են որդեգրել ներկայացնել հայերիս առնչվող բազմատեսակ տեղեկատվությունը՝ ատելության խոսքից ու ասեկոսեներից զերծ, որը այսօր չափազանց կարևոր ու գոնե մեզ համար շատ հոգեհարազատ գործելաոճ է։

Նկատելի է նաև, որ ներքին քաղաքական իրավիճակների լուսաբանման վրա կենտրոնացվածություն չկա, սակայն կարծում ենք, ի վերջո, անհնար կլինի խուսափել դրանից։ Ի մասնավորի, հատկապես 44-օրյա պատերազմից հետո Սփյուռքի քաղաքական թե՛ նշանակությունը, թե՛ դիրքն ու հեղինակությունը փոխվել են, միաժամանակ սփյուռքի գործիչների հետ կապված «սև ցուցակներով», բաժանումներով, փորձ է արվել պառակտել նաև մեր դրսի հայրենակիցներին, իսկ դրանք, ուզենք թե չուզենք, ներքաղաքական գնահատականների են արժանանալու։ Երևի թե այս առումով ևս կարևոր է նրանց լսարանի տրամադրումը։ Դե, ինչպես երևում է, նպատակները մեծ են, մնում է՝ մեր գործընկերներին մաղթել հաջողություն այդ կարևոր առաքելության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը