Քաղաքական

16.05.2023 08:38


Ադրբեջանցիները 1 ամսվա մեջ երեք անգամ կրակել են հայ գյուղացիների ուղղությամբ. ԱՀ դատախազություն

Ադրբեջանցիները 1 ամսվա մեջ երեք անգամ կրակել են հայ գյուղացիների ուղղությամբ. ԱՀ դատախազություն

Արցախի դատախազության ամփոփագիրը․

2023թ. ապրիլի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի «Մեծ տափ» տեղամասում Ադրբեջանի զինված ուժերը կյանքից զրկելու դիտավորությամբ չպարզված հրազենից 5 անգամ կրակել են տրակտորով աշխատող Արման Անդրեյի Ղարամյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը:

ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով տարվում է նախաքննություն: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:

2023թ. ապրիլի 28-ին, ժամը 11.05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են արձակել Ասկերանի շրջանի Նախիջևանիկի «Կանալին տակ» կոչվող տեղամասի նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող՝ նույն գյուղի բնակիչներ Արթուր Սուրենի Բաղիրյանի, Անուշ Արմենի Ղարախանյանի, Հարութ Սասունի Ղարախանյանի, Թամարա Սերգեյի Միրզոյանի և Սառնաղբյուր գյուղի բնակիչներ Սերյոժա Օթարի Աբովյանի, Գայանե Հենրիկի Աբովյանի, Սոֆիկ Քաջիկի Պապիկյանի, ինչպես նաև նույն այգում «Բելոռուս 82» մակնիշի տրակտորով աշխատող Արթուր Ռուբենի Ռամազյանի ուղղությամբ, սակայն վերջիններս թաքնվելու, իսկ արձակված գնդակները տրակտորին չդիպչելու պատճառով, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունններն ավարտին չեն հասցրել:

ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և 33, 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:

2023թ. մայիսի 05-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վարդաձորի վարչական տարածքում Ադրբեջանի զինված ուժերը կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հրազենից, 4 անգամ կրակել են տրակտորով աշխատող Արագած Վասիլիի Վահանյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:

ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:

Այս խորագրի վերջին նյութերը