Քաղաքական

15.05.2023 18:37


Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս. պաշտպանը` Խաչատուրովին ազատ չարձակելու մասին (տեսանյութ)

Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս. պաշտպանը` Խաչատուրովին ազատ չարձակելու մասին (տեսանյութ)

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովին ազատ չարձակելը հանցագործություն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` նշելով, որ իրեն դատարանը հեռացրել է վարույթից։ Նա դահլիճում հայտարարել է, որ 16:45 լրացել է Խաչատուրովին կալանքի տակ պահելու ժամկետը և դիմել է դատարանին, որ իր պաշտպանյալն ազատ արձակվի։

«Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս։ Չկա այդպիսի բան, որ անձը, օրինակ, ժամը 00։15 կալանավորվել է և շարունակաբար պետք է կալանքի տակ մնա, նման հարցերն օրով չեն հաշվարկվում։ Դա բացառված է և որևէ օրենքով նախատեսված չէ։ Անձի ազատության վերաբերյալ ցանկացած հարց հաշվարկվում է ժամերով։ Հենց հիմա հանցագործություն են անում ու ազատ չեն թողնում»,–ասաց Պողոսյանը։

Նա Խաչատուրովի աջակիցներին կոչ արեց դատարանի պատուհանների տակ ներկայացնել դատավոր Արամ Գրիգորյանի իրական կերպարը և վերջինիս որակեց որպես հանցագործ։

Պողոսյանը շեշտեց` հանցագործության մասին հաղորդում է տալիս, և եթե մեղադրող դատախազն իրականում Հայաստանի Հանրապետությունը ներկայացներ, ապա հենց ինքը պետք է միջնորդեր, որպեսզի դատական նիստը հետաձգվեր և քրեական վարույթ նախաձեռնվեր, քանի որ դատարանում հանցագործություն է տեղի ունենում։

Պաշտպանը նշեց` գլխավոր դատախազությունում կոլեգիայի բազմաթիվ որոշումներ կան` եթե դատական գործընթացի ժամանակ դեպք է գրանցվել, ապա դատախազները պարտավոր են այդ մասին զեկուցագրեր ներկայացնել և վարույթներ նախաձեռնելու գործողություններ իրականացնել։ Պողոսյանը վստահեցրեց` այսօր նման գործընթաց չի իրականացվում։

Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ վարույթ նախաձեռնվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ի հավանությունը ստացավ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը