Մեկնաբանություն

15.05.2023 18:30


Փաշինյանը Բրյուսելում վերահաստատեց Պրահան ու շարունակեց Հայաստանի կործանման ծրագիրը

Փաշինյանը Բրյուսելում վերահաստատեց Պրահան ու շարունակեց Հայաստանի կործանման ծրագիրը

Սկզբունքորեն, Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի «միջնորդությամբ» Ալիևի ու նրա գործընկեր Փաշինյանի հանդիպումը արձանագրեց միանգամայն սպասելի հետևանքներ: Դրանցից հիմնականը այն է, որ Հայաստանի անունից հանդես եկող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես այդ մասին տեղեկացրեց Միշելը:

Անվերապահորեն: Տեղին կլիներ, եթե միանգամից ասեին՝ «անվերապահ կապիտուլյացիա»:

Հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ: Այն, ի դեպ, նախկինում էլ այս կամ այն կերպ ճանաչվել է կամ այն ճանաչելու հարցում Հայաստանի նախկին ղեկավարները մեծ խնդիր չեն տեսել: Այն պարզ պատճառով, որ այդ նախկին ղեկավարները ու Հայաստանի քաղաքական վերնախավը Արցախը երբեք չեն դիտարկել ու չեն համարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Ու Արցախն այդպիսին չի էլ եղել: Դա եղել է նախ, ինքնավար մարզ՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում, իսկ ԽՍՀՄ փլուզման նախօրեին, թե՛ Արցախը, Թե՛ Ադրբեջանը առանձնացել են՝ այդ պահին գործող օրենքներին համապատասխան: Ավելին, Ադրբեջանը իրեն հռչակել է 1918-20թթ. մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, որի մաս Արցախն առհասարակ չի եղել:

Հարցը այն է, որ Նիկոլ Փաշինյանն անվերապահորեն, ինչպես ասվեց, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն «սոուսով», որն ուզում է Ալիևը: Այսինքն՝ Փաշինյանը ուրացել է Արցախը, այն ճանաչել է ադրբեջանական, գործնականում՝ դաշնակցել է Ալիևի հետ Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու հարցում:

Ըստ որում, տարածքային ամբողջականության ճանաչումը արվել է Ալմաթիի հռչակագրին հղումով՝ առանց վերապահումների: Բանն այն է, որ Ալմաթիի հռչակագրին (ԱՊՏ ձևավորման վերաբերյալ) Հայաստանը միացել է վերապահումներով, որոնցից կարևորը ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ է: Հասկանալի է, որ այն ժամանակ նկատի էր առնվում Արցախի խնդիրը, ինչի կապակցությամբ էլ վերապահումն արվել է:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը գործնականում խախտել է ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. որոշումը, որի համաձայն Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը որևէ կերպ կարող է նշվել որպես ադրբեջանական:

Թե ո՞վ է Նիկոլ Փաշինյանից դրա համար պատասխան պահանջելու, պարզ չէ: Բայց գործող որոշման խախտումը ՀՀ ամենաբարձր պաշտոնն զբաղեցնող պաշտոնյայի կողմից, կարծում ենք, ակնհայտ է:

Մնացածը, սկզբունքորեն, պարզ էր դեռ նախքան բրյուսելյան հանդիպումը: Թշնամիների հետ հայ ժողովրդի ու Հայաստանի, Արցախի դեմ Նիկոլ Փաշինյանի դավադիր համաձայնության հիմնական արարը դեռ Պրահայում է եղել, 2022-ի հոկտեմբերին: Փաշինյանը, մեծ հաշվով, բերանքսիվայր բավարարել է Էրդողանի ու Ալիևի պահանջները դեռ այն ժամանակ: Հիմա ուղղակի հետևում են Պրահայի առանցքային պայմանավորվածությունների փուլային տարբերակով իրացնելու ընթացքին: Երեկ Բրյուսելի «փուլն» էր, հունիսի 1-ին Քիշնևի «փուլը» կլինի:

Այսօր Փաշինյանը ուրացավ Արցախը (իրականում ավելի վաղ էր ուրացել), վաղը կգա Սյունիքի հերթը, մյուս օրը՝ Գեղարքունիքի, ապա՝ Տավուշի, հետո՝ Վայոց ձորի: Ու մեկ էլ՝ հո՛պ, քպ-ականները ցնծությամբ կելնեն Էրիվանի քուչաները՝ դիմավորելու իրենց սիրելի ադրբեջանական թուրքերին, իսկ Հանրապետության հրապարակում, այսպես ասած՝ կառավարության թիվ 1 շենքի վրա Նիկոլ Փաշինյանն անձամբ կբարձրացնի իր պաշտելի ադրբեջանական կամ թուրքական դրոշը:

Միգուցե ֆեյսբուքներում դեռ վրդովվողներ կլինեն ու կքննարկեն այն հարցը, թե արդյոք այդ դրոշը բավարար չափով արդուկվա՞ծ էր:

Հայաստանի ու Արցախի կործանման ծրագիրը անխոչընդոտ ու անկասելի շարունակվում է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը