Մեկնաբանություն

15.05.2023 16:27


Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ զինանշանի

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ զինանշանի

Բրյուսել մեկնելուց առաջ, ինչպես հայտնի է, գնացել էր Ներքին Բազմաբերդ՝ հանդիպելու այնտեղ բերման ենթարկված Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական և հիշատակված գյուղի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցների 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմերի հետ: Իրականում դա յուրօրինակ քարոզչահոգեբանական գրոհ էր Հայաստանի հանրության վրա՝ Փաշինյանի տարփողած թշնամական «գաղափարների» շրջանառման և տարածման նպատակով: Հաշվի առնելով այն, որ այսպես կոչված՝ «իշխանության» քարոզչական կեղտոտ խնդիրները լուծելու համար ներգրավվել էին դպրոցական պատանիներ ու պարմանուհիներ, Ներքին Բազմաբերդում տեղի ունեցածը Փաշինյանի կողմից բարոյաքաղաքական առումով մանկապղծություն էր: Այն իմաստով, որ նա փորձեց պղծել դպրոցականների աշխարհընկալումը՝ քարոզելով, որ Արարատը մերը չի, ընդհանրապես մերը չի էլ եղել, որովհետև «ով խոսեց Արարատի մասին, ուրիշ բանից խոսեց», իսկ այ, ով խոսեց Արագածի մասին, նա խոսեց Հայաստանի մասին:

Սա այլ կերպ, քան ուրացում, դժվար է բնորոշել: Եվ այդ ուրացման առարկայական մարմնավորումը՝ Նիկոլ Փաշինյանը, քարոզում է դպրոցականներին, իսկ վերջիններիս, թող ներվի ասել՝ «ուսուցչուհիները», զզվելի քծնական արտահայտությամբ ժպտում են: Ուղղակի սրտխառնուք էր առաջացնում այդ ամենը:

Փաշինյանն առաջին անգամ չէ, որ Արարատը ջնջում է, ու հայտարարում, որ Հայաստանի ամենաբարձր գագաթն Արագածն է: Փաշինյանը ամեն կերպ ջնջում է Արարատը, որովհետև նման հանձնառություն ունի Թուրքիայի առաջ:

Այդ առումով Նիկոլ Փաշինյանը գործնականում հանդես է գալիս ՀՀ Սահմանադրության դեմ, գործնականում թույլ է տալիս սահմանադրական բնույթի օրինախախտում: Բանն այն է, որ ՀՀ զինանշանի վրա պատկերված է Արարատը: Ավելին, ՀՀ զինանշանի նկարագրությունն ամրագրված է ՀՀ գործո՛ղ Սահմանադրությամբ: Ահավասիկ. «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 21, կետ 2):

Հարց է ծագում. եթե Նիկոլ Փաշինյանն այդ աստիճան զզվում է Արարատից ու Արարատ սարը տեսնելիս նրա մոտ խուճապային դողէրոցք է սկսվում, ապա ինչո՞ւ իր մեծն «սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանի օգնությամբ չի խմբագրում հիմնական օրենքը: Ավելին, ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը կրում ինչ-որ հագուստներ, որոնց վրա պատկերված է ՀՀ զինանշանը՝ նրա համար այդքան ատելի Արարատի պատկերով: Թե՞ հատուկ իրեն համար հագուստի վրայի զինանշանի պատկերից Արարատ սարը ջնջված է: Ինչո՞ւ էր երեխաների հետ հանդիպմանը դրել գլխարկ, որի վրա էլի ՀՀ զինանշանն էր: Բնական կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն իր գլխին դրած ՀՀ զինանշանով գլխարկը միանգամից նետեր խարույկը, որի շուրջ նստեցրել էին խեղճ երեխաներին:

Առհասարակ, Նիկոլ Փաշինյանին թե՛ բարոյական, թե՛ բովանդակային առումով կվայելի թուրքական զինանշանով ու թուրքական կիսալուսնով գլխարկ կրելը: Այ դա իրենն է: Ի վերջո, այդպես գոնե ավելի ազնիվ կլինի, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, զավթելով Հայաստանի ղեկավարի պաշտոնը, սպասարկում է բացառապես թուրքական ու ադրբեջանական շահերը:

Հա, ու կառավարության թիվ 1 շենքի ֆասադն էլ է պետք փոխել, մասնավորապես, քերել Հայկական ԽՍՀ զինանշանը պատկերող բարձրաքանդակը, որովհետև այնտեղ շատ ավելի պարզ ու խոշոր է պատկերված Արարատը:

Պարզից էլ պարզ է, որ Արարատը ամեն կերպ ջնջելու Փաշինյանի մղումը Թուրքիայի պահանջն է արտացոլում:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը