Քաղաքական

13.05.2023 11:08


Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը չի մասնակցել Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներին»

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը չի մասնակցել Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներին»

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ընթացող «ճշգրտումներին»։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Պատասխանում ասվում է, որ այս պահին փոխհամաձայնեցման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ ախշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի նախագիծը։

«Այս պահին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա»,–հայտնել են գրասենյակից։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գյուղի տարածքում ճշգրտման ենթակա 12-կիլոմետրանոց գծից խնդրահարույց է համարվել 5-կիլոմետրանոց հատվածը։ Սակայն հերթական ճշգրտումներից հետո տարածքը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։

Մինչ այդ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Տեղ–Կոռնիձոր հատվածում հանդիպում են անցկացրել սահմանները ճշգրտելու նպատակով։

Այսպիսով, չնայած սահմանազատման հանձնաժողովի ֆորմալ գոյությանը, հայ–ադրբեջանական շփման գծում «ճշգրտումներն» իրականացնում են ուժային կառույցները։

Այս խորագրի վերջին նյութերը