Քաղաքական

12.05.2023 16:07


Ադրբեջանցիները կոկորդը կտրած զինծառայողի նկարը հրապարակել են իր իսկ սոցիալական էջում, ուղարկել հարազատներին․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանցիները կոկորդը կտրած զինծառայողի նկարը հրապարակել են իր իսկ սոցիալական էջում, ուղարկել հարազատներին․ Սիրանուշ Սահակյան

Այս զեկույցում անդրադարձ ենք կատարել ռազմագերիների նկատմամաբ վերաբերմունքին ու փորձել ենք տեսնել՝ արդյոք այդ խաղաղության օրակարգի պայմաններում կա՞ վարքագծի փոփոխություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցի ներկայացման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում գերիներին դաժան ծեծի են ենթարկել, դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն։ Այս դաժան ծեծի ու տառապանքի քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո ու ավելի ինտենսիվ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ»,-ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է 2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները։

«Մենք դեպքեր ենք ունեցել, որ օրինակ կոկորդը կտրած զինծառայողի նկարները տեղադրել են հենց իր սոցիալական ցանցում։ Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսները վերցնելու ճանապարհով դուրս էին բերել ընտանիքի անդամներին ու վայրագությունները ուղարկել էին հարազատներին։ Բացահայտվել են նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, սակայն միտումնավոր չեն վերցնում դին ու չեն հանձնում ընտանիքի անդամներին։ Ցուցադրական կերպով մոտենում են, լուսանկարվում են, նկարները տարածում են մեդիայում։ Սա ցայտուն վկայություն է, որ այն անհայտ կորածների թիվը, որը ունենք 2020թ-ից ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք են, այլ նպատակաուղղված քաղաքականություն է։ Գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողներ։ Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, որոնք առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխվելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով, ցած են նետել նրանց առջև, որոնք բռնություն ու ծեծ են կիրառել»,-մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, թե բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե մարդասիրական իրավունքը չի խախտվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը