Քաղաքական

11.05.2023 17:09


Որոշումներից մեկը Ղարաբաղի հանձնումն էր, մյուսը՝ Հայաստանինը կլինի, «Գոյ» թատրոնի հարցը ի՞նչ հարց է դրա դիմաց․ Արթուր Սահակյան

Որոշումներից մեկը Ղարաբաղի հանձնումն էր, մյուսը՝ Հայաստանինը կլինի, «Գոյ» թատրոնի հարցը ի՞նչ հարց է դրա դիմաց․ Արթուր Սահակյան

Կառավարության մայիսի 11-ի նիստի ժամանակ որոշում է կայացվել «Գոյ» թատրոնը միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ միասնական կառավարման դեպքում կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը։

Tert.am-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արթուր Սահակյանը նշեց, որ դիմելու են դատական ատյաններ՝ որոշումը չեղարկելու նպատակով։

«Պատրաստվում ենք պատասխանել կառավարությանը, դիմելու ենք մի շարք քայլերի՝ մինչև հասնենք որոշման չեղարկումը, սկսելու ենք դատական ատյաններին դիմելուց։ Մեզ արդեն իրենց զորակցությունն են հայտնել շատ լուրջ մարդիկ։ Որոշման փաստաթուղթը դեռ մեր ձեռքում չէ, երբ կլինի մեզ մոտ, այդ փաստաթղթով կմտնենք դատարան ու մեկընդմիշտ լուծենք այս հարցը։ Գիտեք՝ կառավարության որոշումներից մեկը Ղարաբաղի հանձնումն էր, որոշումներից մյուսը Հայաստանի հանձնումն է ու «Գոյ» թատրոնի հարցը ինչ հարց է դրա դիմաց, բայց այնուամենայնիվ որոշման հետ համակերպվելը մեր մասին չէ»,-ասաց Սահակյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ կառավարության այս որոշումը անակնկալ չէր իրենց համար՝ չնայած ստեղծագործական կազմի գործադրած բոլոր ջանքերին։

«Ես սպասում եմ, որ վաղը կարող է Հայաստան չլինել, թատրոնը, իհարկե լավ բան է, բայց Հայաստանի չլինելու պարագայում այս հարցը մանր դետալ է դառնում։ Այս սորոսական խմբակից ամեն բան սպասելի է։ Տարիներով այս մարդկանց ընտրել են, փորձարկել են ու բերել իշխանության, իրենց համար ոչ երկիր, ոչ էլ պետություն չկա։ Իրենք եկել են հաուկ նպատակով ու հետևողականորեն իրականացնում են դա, ամեն մեկը մի դեր ունի՝ մեկը բանակը պետք է քանդի, մեկը ոստիկանությւոնը և այսպես շարունակ։ Իրենք հետևողականորեն քանդեցին այն ամենը, ինչը պահում էր պետությունը՝ սկսած տնտեսությունից, դա Սորոսի հայտնի ձեռագիրն է՝ կուլ տալ պետությանը»,-ընդգծեց Արթուր Սահակյանը։

Վերջինս հավելեց, որ իրենց առաջիկա աշխատանքներում բաց են լինելու և տեղեկացնելու են ընթացիկ գործընթացների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը