Քաղաքական

10.05.2023 17:23


Ադրբեջանը պահանջել է Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել․ Արցախի ԱՆ

Ադրբեջանը պահանջել է Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել․ Արցախի ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:

Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց հուսանք այն շուտով կվերսկսվի:

Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ:

Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի»։

Այս խորագրի վերջին նյութերը