Քաղաքական

10.05.2023 13:28


Գյուղում բանկոմատ չունենք, գումար չենք կարողանում կանխիկացնել․ երկկողմանի շրջափակված Լիսագորի գյուղապետ

Գյուղում բանկոմատ չունենք, գումար չենք կարողանում կանխիկացնել․ երկկողմանի շրջափակված Լիսագորի գյուղապետ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Հակարի կամրջի արգելափակման հետևանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Լիսագոր գյուղի բնակիչները չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները, քանի որ գյուղում բանկոմատներ չեն գործում, Ստեփանակերտ կամ Գորիս հասնելն էլ անհնարին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Գագիկ Նասիբյանը։

«Շատ դժվար իրավիճակ է ստեղծվել, մեզ մոտ չկան բանկոմատներ և տերմինալներ, գումար չենք կարողանում հանել, փոխանցումներ կատարել՝ նույնպես։ Հաշվին գումարը կա, բայց չենք կարողանում կանխիկացնել։ Նախկինում գնում էինք Գորիս կամ Ստեփանակերտ, հիմա, բնականաբար չենք կարող։ Ընդհանուր առմամբ գումարը ծախսելու շատ տեղ էլ չկա, որովհետև տեղաշարժ չունենք, բայց եթե շտապ անհրաժեշտ լինի, չենք կարողանա օգտագործել»,-ասաց նա։

Նասիբյանի խոսքով՝ գյուղի բնակիչներից չորսը Ստեփանակերտում մշտական աշխատանք ունեին՝ ոչ պետական հիմնարկներում։ Հիմա չեն աշխատում և չեն վճարվում։ Բայց բոլոր դեպքերով բնակիչները չեն դիտարկում ադրբեջանական անցակետով դուրս գնալու տարբերակը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ադրբեջանական աղբյուրները տարածեցին տեսանյութեր՝ ներկայացնելով, թե արցախցիներն «ազատ» օգտվում են Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետից։

Նասիբյանի խոսքով՝ դրանից հետո Լիսագորի որևէ բնակիչ չի անցել այդ անցակետով, Գորիսում մնացած լիսագորցիներ էլ այլևս չկան․ «Մարդիկ չեն ուզում գնալ անցակետով, մտավախություններ ունեն, վտանգը շատ մեծ է, հասկանում են, որ ամեն պահի բան կարող է փոխվել, դրա համար էլ չեն գնում»։

Մայիսի 5-ին խաղաղապահների միջնորդություն սնունդ և դեղորայք էին հասցվել շրջափակման մեջ հայտնված համայնքներ։ Նասիբյանի հաշվարկով՝ դրանք իրենց գյուղին կբավականացնեն մոտ մեկ ամիս։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

Այս խորագրի վերջին նյութերը