Լրահոս

10.10.2011 10:32


Հրապարակվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վեց բաղադրիչները

Հրապարակվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վեց բաղադրիչները

Խորվաթիայի Դոբրովնիկ քաղաքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ժամանակ լսումներ են եղել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական կայքերը, ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Համանախագահների խոսքերով՝ մասնավորապես ամերիկյան կողմի ներկայացուցիչ Ռոբերտ Բրադկեն ասել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի։

Հրապարակվել են նաև այն վեց բաղադրիչները, որոնց միջոցով կատարվում է աշխատանքը կարգավորման գործընթացում։ Դրանք են՝ Լեռնային Ղարաբաղի շուրջը եղած տարածքների ազատումը, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անմիջական կապի ապահովումը, այնուհետ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, փախստականների վերադարձը, անվտանգության ապահովման համար խաղաղապահ գործողության իրականացումը։

Նստաշրջանի ժամանակ ելույթով է հանդես եկել նաև ռուս համանախագահ Իգոր Պոպովը, որն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարելի է լուծել միայն դիվանագիտական բանակցությունների շրջանակներում։

Համանախագահները նաև նշել են, թե կողմերը սկզբունքների մի մասին համաձայն են, իսկ մյուսների հետ ոչ, այդ պատճառով էլ խաղաղ կարգավորման գործընթացը արգելակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը