Քաղաքական

09.05.2023 09:27


ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի որոշ դրույթներ. ԱՄՆ Պետդեպ

ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի որոշ դրույթներ. ԱՄՆ Պետդեպ

Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում կայացած բանակցություններում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածության որոշ դրույթներ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Կարծում ենք` անցած շաբաթ տեղի ունեցած քննարկումները կառուցողական էին, և Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ հարցերի լուծման գործում։ Ինչպես գիտեք, երկու երկրներն էլ սկզբունքորեն համաձայնեցրել են որոշ պայմաններ, ավելի լավ են հասկանում (այժմ) միմյանց տեսակետները: Մենք կարծում ենք, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնագիրը հասանելիության տիրույթում է»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով ՝ Միացյալ Նահանգները անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին և Հայաստանին։

«Մենք շարունակում ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսություն վարել, շարունակում են հասնել կայուն խաղաղության»,–նշել է Պատելը։

Նա հավելել է, որ ուղիղ երկխոսությունը, Վաշինգտոնի կարծիքով, Բաքվի և Երևանի միջև հարցերի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է:

Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը