Քաղաքական

04.05.2023 08:13


Վաշինգտոնյան բանակցությունները Թուրքիայի վերահսկողությամբ են. ինչո՞ւ է Ռուբինյանն ԱՄՆ-ում

Վաշինգտոնյան բանակցությունները Թուրքիայի վերահսկողությամբ են. ինչո՞ւ է Ռուբինյանն ԱՄՆ-ում

ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ներկայությունը Վաշինգտոնում պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պարտադրված օրակարգով: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից առաջ ԱՄՆ մայրաքաղաք է մեկնել նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՝ խորհրդարանական պատվիրակությամբ:

Հիշեցնելով, որ Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերություններում առանցքային դեմքերից է, քաղաքագետը նշեց, որ նա Վաշինգտոնում է Թուրքիայի հետ բանակցային գործընթացում հակասությունները բացառելու համար։

«Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են, և բոլոր բանակցությունները, որոնք վարվելու են Վաշինգտոնում, բնականաբար նաև Թուրքիայի վերահսկողության տակ են գտնվում։ Դրանք չպետք է տարբերվեն հայ-թուրքական հարթակներում անցկացվող բանակցություններից։ Ես կարծում եմ, որ Ռուբինյանն այնտեղ բանակցային պրոցեսի ամբողջությունը ապահովելու համար է, որ նաև Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները հաշվի առնվեն»,–ասաց քաղաքագետը։

Քաղաքագետը ընդգծեց, որ Թուրքիան նաև Ադրբեջանին է իրենից կախվածության մեջ պահում իր շահերն առաջ տանելու համար։

«44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական աջակցությունը, որ Թուրքիան տրամադրել է Ադրբեջանին, նրան հնարավորություն է տվել պայմաններ թելադրել, այսինքն` վերահսկել Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը։ Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Թուրքիան հիմա ավելի մեծ շահագրգռվածություն ունի, որովհետև Ադրբեջանը շատ ավելի վերահսկելի և թուրքական է դարձել, քանի մինչ պատերազմն էր»,–ասում է նա։

Նշենք, որ նյութն արդեն պատրաստ էր, երբ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց, որ Ռուբեն Ռուբինյանը ԱՄՆ է մեկնել իր հրամանով։

Ինչ վերաբերում է վաշինգտոնյան հարթակում ընթացող բանակցություններին և իշխանությունների հայտարարությանը, որ դրանք որևէ տարբերություն չունեն Մոսկվայում վարվող բանակցությունների հետ, քաղաքագետը հակադարձում է` նշելով, որ նման հայտարարությունները իշխանությունների կողմից դեպի Արևմուտք գործընթացը տանելու արդարացումներն են։

«Սուտ են խոսում իշխանությունները, երբ ասում են տարբերություն չկա։ Տարակարծություններ և տարաձայնություններ կան, որոնք շատ բացահայտ են։ Մոսկովյան տարբերակով ԼՂ հարցը թողնվում է ապագային և ավելի բարենպաստ պայմաններին։ Իսկ Արևմուտքը շատ բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել և հանգիստ ապրել։ Միայն այս կարևոր տարբերությունը ցույց է տալիս, որ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներից են Արևմուտքը և ՌԴ-ն մոտենում Հարավային Կովկասում այս խնդիրների լուծմանը»։

Բացի վերոնշյալը, Արևմուտքը չի ցանկանում Արցախում տեսնել ռուս խաղաղապահներին, մինչդեռ Մոսկվայի համար նրանց ներկայությունը Արցախում կարևոր և կենսական նշանակություն ունի։ Սա, փորձագետի խոսքով, ամբողջ խաղաղության կառուցման մեխանիզմն է փոխում։

Այս խորագրի վերջին նյութերը