Քաղաքական

03.05.2023 11:48


Դասալիքների վերաբերյալ հայտարարությունից հետո Աննա Հակոբյանին չեն կանչել դատախազություն․ «Իրավունք»

Դասալիքների վերաբերյալ հայտարարությունից հետո Աննա Հակոբյանին չեն կանչել դատախազություն․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11.000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն»,-ասել է Աննա Հակոբյանը հանդիպումներից մեկի ժամանակ: Արդյոք վերը նշված հանցագործության մասին հաղորդումից հետո առաջին տիկինը հրավիրվե՞լ է գլխավոր դատախազություն՝ մանրամասներ հայտնելու պատկան մարմիններին, հարցի պատասխանը փորձել էինք գրավոր ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից մեզանից խնդրել էին 30-օրյա ժամկետ:

Եվ ահա 30 օրը չլրացած՝ ստացել ենք հետևյալ հակիրճ պատասխանը. «Ձեր ուղարկած հարցման պատասխանն է՝ ոչ»:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կինը հայտարարում է պետական մասշտաբի հանցագործության մասին, որը Հայաստանը հասցրել է պատերազմում պարտության: Ընդ որում, այդ պարտության պատճառները փորձում են պարզել բոլորը, այդ թվում՝ Նիկոլը: Եվ ահա փաստվեց՝ տիկին Աննային այդ բացահայտումից հետո չեն կանչել, որ նա իր ունեցած կարևորագույն տվյալները հայտնի իրավապահներին, քանի որ նա դա ինքնակամ չի արել: Այս ամենից միայն նման հետևությունների կարող ենք գալ.

Դատախազությունում մտածում են, որ Աննա Հակոբյանը «օդի մեջ» հայտարարություն է արել, ինչը ավելի հավանական տարբերակ է, և չարժե նրան հրավիրել: Սակայն այս դեպքում կստանանք, որ տիկին Աննան դիտավորությամբ զրպարտել է հազարավոր զինվորականների, որոնք կյանքի գնով երկիր են պաշտպանում: Բայց անգամ այդպես մտածելու դեպքում դատախազությունը պարտավոր էր նրան հրավիրել, պարզել, թե այդպե՞ս է, նաև, թե ի՞նչ նպատակով է զրպարտել բանակին:

Երկրորդը. տիկին Աննան իրականությունն է հայտնել, սակայն դատախազությունը դիտավորյալ ընթացք չի տալիս՝ փորձելով ծածկել նման մասշտաբային հանցագործություն իրականացնողներին: Այս դեպքում էլ ԱԱԾ-ն և տիկին Աննայի ամուսինը պետք է զբաղվեին դատախազության պատկան պաշտոնյաներով: Սա էլ չենք տեսնում»:

Այս խորագրի վերջին նյութերը