Կարծիք

07.10.2011 16:52


Գաջ քսողը` «քաղաքագետ»

Գաջ քսողը` «քաղաքագետ»

Հայաստանում ինչ է պետք քաղաքագետ լինելու համար: Առավել միամիտները կմտածեն, թե համապատասխան կրթություն և որակավորում, բայց իրականությունը բոլորովին այլ է:

Պարզվում է, որ քաղաքագետ լինելու համար պետք է դեմքի լուրջ արտահայտություն, կոստյում, փողկապ եւ համապատասխան մամուլի ակումբ, որտեղ «քաղաքագետը» կասի այն` ինչ կասեն պատվիրատուները: Ոչինչ, որ այդ մտքերի հեղինակը շինարար է, որը ղեկավարում է մի շինարարական ընկերություն եւ ըստ լուրերի՝ բավական լավ գաջ է քսում: Այս անգամ խոսքը Արմեն Բադալյանի մասին է: Լրագրողները, եթե փորձում են նրան գտնել, հասկանում են, որ խոսում են շինարարական ընկերության բավական կոպիտ ղեկավարի հետ, որը բյուրոկրատի ձայնով պահանջում է խոսել արագ, քանի որ ֆիրման բազմաթիվ գործեր ունի: Ցավոք, Բադալյանի նմանները այսօր բավական շատ են:

Ինչպիսին քաղաքական դաշտն է, այնպիսին էլ «քաղաքագետներն» են: Արդեն կարող ենք առանց սխալվելու կռհել, թե որ քաղաքական գործչի հայտարարությունից հետո, որ մամուլի ակումբում, որ «քաղաքագետն» է հայտնվելու եւ հատկապես ինչ է ասելու: Այս ամենի վրա կարելի էր մի լավ ծիծաղել, եթե երկրի վիճակն այսքան ծանր չլիներ: Միթե մենք հասել ենք այն վիճակին, որ այս կամ այն քաղաքական իրադարձության վերաբերյալ անպայման կարծիք պետք է հայտնի ավազը ցեմենտի հետ վարպետորեն խառնող եւ օրվա ցեմենտը տուն տանող «պռառաբը»:

Այսօր դաշտում առկա «քաղաքագետների» մի մասը իրենցից լակմուսի թուղթ են ներկայացնում` հրաշալի կերպով ցույց տալով, թե ինչ ցածր մակարդակի վրա է գտնվում մեր քաղաքագիտական միտքը:

Ամենայն հավանականությամբ, որոշ քաղաքական ուժեր այնքան անհեթեթ իրավիճակում են հայտնվել, որ իրենց կարող են աջակցել բացառապես շինարարության մեջ խորացած քաղաքագետները, որոնք դեմքի ամենալուրջ արտահայտությամբ, ասում են այն, ինչ ցանկանում են լսել իրենց պատվիրատուները: Եթե սոցիոլոգիայի դաշտն ունի իր Ահարոն Ադիբեկյանը, ապա քաղաքագետների դաշտն էլ արդեն ձեռք է բերել վարպետ գաջագործ Արմեն Բադալյանին:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը